կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-16 15:40
Իրավական

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ ցուցադրել գործում առկա հիմնավոր կասկածը հերքող տեսանյութը

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ ցուցադրել գործում առկա հիմնավոր կասկածը հերքող տեսանյութը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն այսօր դատարանում միջնորդեց թույլատրել դատարանին ներկայացնել 15 րոպեանոց տեսանյութ, որի մի մասը քրեական գործում առկա է, իսկ մյուս մասը՝ ոչ, որ տեսանյութը հերքում է գործում առկա հիմնավոր կասկածը։ 

Դատարանը, սակայն, մերժեց այս միջնորդությունը՝ ասելով, որ այս փուլում ապացույց չի հետազոտվում, ինչն առաջացրեց Քոչարյանի պաշտպանների դժգոհությունը:

«Մեղադրանքի կողմը, որպես հիմնավոր կասկածը հաստատող տվյալներ, վկայակոչեց մի շարք ցուցմունքներ: Եթե դուք ասում եք, որ այս փուլում ապացույց չեք հետազոտում, ուրեմն ես ուղղակի հայտարարում եմ՝ եղեք հետևողական ձեր այս դիրքորշման մեջ և մեղադրանքի կողմի ոչ մի նյութ ո'չ հետազոտեք, ո'չ էլ գնահատեք: Մեղադրանքի կողմն ապացույցներ էր վկայակոչում: Եթե ապացույցը չի կարելի հետազոտել, ուրեմն այն չի կարելի նաև գնահատել: Եթե ապացույցը կարելի է գնահատել խորհրդակցական սենյակում, ուրեմն այն կարելի է նաև այստեղ հետազոտել: Հիմա, որ դուք ասում եք` ապացույցների հետ գործ չունեք, ուրեմն պահանջում եմ, որ դատարանը խորհրդակցական սենյակում հիմնավոր կասկածի հարցը քննարկելուց ոչ մի ապացույց չվերլուծի և, առանց ապացույցի վրա հղում անելու, որոշի՝ կա՞ հիմնավոր կասկած, թե՞ չկա»,- հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը: 

Մեղադրող կողմն արձագանքեց՝ պաշտպանական կողմը փոխում է տերմինները. «Դատարանը չասաց, թե ապացույցների հետ գործ չունի, ընդամենն ասվեց, որ այս վարույթում ապացույցները չեն կարող հետազոտվել այն ծավալով և այն կերպ, որոնք կարող են հետազոտվել գործի, ըստ էության, քննության ժամանակ: Պաշտպանությունը հենց ամենասկզբից էլ պնդում էր` քրեական գործի բոլոր ապացույցները քննել այս վարույթում, այդպիսի բան տեղի ունենալ չի կարող, մենք առարկում ենք, տեսանյութը չի կարող հրապարակվել»: