կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-15 17:38
Իրավական

Արցախի երկու նախագահները դատարան կարող են գալ մայիսի 17–ին. դատավորը հիշեցրել է Քոչարյանի կալանքի ժամկետը լրանալու հանգամանքը

Արցախի երկու նախագահները դատարան կարող են գալ մայիսի 17–ին. դատավորը հիշեցրել է Քոչարյանի կալանքի ժամկետը լրանալու հանգամանքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած` Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ  Արկադի Ղուկասյանը կարող են դատարան ներկայանալ  մայիսի 17–ին՝ օրվա երկրորդ կեսին:  Այս մասին  Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Նախագահող դատավորն արձագանքեց. «Դուք լավ տեղյակ եք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին՝ կիրակի օրը, մայիսի 18-ը շաբաթ է, շաբաթ և կիրակի օրերին դատական նիստի կազմակերպումը քիչ հավանական է: Չեմ  բացառում, բայց կարող է այնպես լինել, որ հնարավոր չլինի ապահովել Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը դատական նիստին: Կճշտենք այդ հանգամանքը: Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ դատական ակտ պիտի կազմվի, որի համար մեկ օրից ավելի ժամանակ է պետք, դա հինգ րոպեում հնարավոր չէ կազմել: Այնպես որ՝ երաշխավորներին ասեք՝ եթե կարող են, թող վաղը ներկայանան, որովհետև ամսի 17-ը կրիտիկական վերջին օրն է, որին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր»:

Դատավորը հավելեց, որ պիտի հասցնեն լսել կողմերին, դատական նիստն ավարտական փուլի հասցնել և դատական ակտ կայացնել: 

Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց, թե դատավոր Գրիգորյանը չափազանցնում է: Դատավորը չհամաձայնեց:

Այնուհետև նա Ռոբերտ Քոչարյանին ուղեկցողների հրամանատարից փորձեց ճշտել՝ եթե դատական նիստը տեղի ունենա շաբաթ օրը, հնարավո՞ր է ապահովել Քոչարյանի ներկայությունը: Խոստացան ավելի ուշ տեղեկացնել: