կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-15 13:24
Աշխարհ

Դոնալդ Թրամփ-կրտսերը կպատասխանի «ռուսական գործով»` օրենսդիրների հարցերին

Դոնալդ Թրամփ-կրտսերը կպատասխանի «ռուսական գործով»` օրենսդիրների հարցերին

ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, համաձայնել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության հատուկ հանձնաժողովի օրենսդիրների պահանջին, այն է` պատասխանել հարցերին, որոնք վերաբերում են Ռուսաստանի միջամտությանը 2016 թվականի ընտրություններին: Այս մասին հայտնում է ամերիկյան The New York Times-ը:

Հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Բերը դեռ անցած շաբաթ մյուս հանրապետականներին տեղեկացրել էր, որ նախագահի որդուն ծանուցմամբ կանչել են լսումների։ Մինչ այդ Թրամփ-կրտսերը երկու անգամ ընդունել է հրավերը, բայց ավելի ուշ` հրաժարվել:

Հավելվում է, որ նրան ծանուցում ուղարկելու որոշումը քննադատության է արժանացել ԱՄՆ նախագահի կողմնակիցների շրջանում։

ԱՄՆ նախագահի որդին և օրենսդիրները պայմանավորվել են, որ հունիսի կեսին կայանալիք հանդիպումը փակ է լինելու։ Այն կտևի ոչ ավելի, քան չորս ժամ։ Օրենսդիրները կկարողանան հարցեր տալ միայն մի քանի թեմաների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն ապրիլի 18-ին հրապարակել էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ամփոփիչ զեկույցը, որը դեռևս 2017 թվականի մայիսից զբաղվում էր հետաքննությամբ՝ պարզելու, թե արդյո՞ք Ռուսաստանը փորձել է ազդեցություն ունենալ ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքի վրա։ Դատախազը խոստովանել էր, որ Մոսկվայի հետ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի աշխատակիցների որևէ խարդախություն հայտնաբերել չի հաջողվել։