Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում մայիսի 1-ին տեղի է ունեցել հանդիպում Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթի (հոգևոր առաջնորդ) Ահմադ Բադր ալ-Դին Հասունի (Ahmad Badr Al-Din Hassoun) խորհրդական Բասել Կաս Նասրալլահի (Basel Kas Nasrallah) հետ:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել սիրիահայ համայնքի կառուցողական դերակատարությունն ու անգնահատելի ավանդը Սիրիայի շենացման և բարգավաճման գործում: Բասել Կաս Նասրալլահը Հայաստանի Հանրապետության իշխանություններին և ժողովրդին փոխանցել է Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթիի երախտագիտությունն ու շնորհակալական խոսքերը՝ ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության կապակցությամբ, միաժամանակ շեշտելով, որ խմբի մարդասիրական աշխատանքները թե առողջապահության, և թե հումանիտար ականազերծման ոլորտներում արժանացել են Սիրիայի ժողովրդի մեծ համակրանքին և բարձր գնահատականին:
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր հերթին նշել է, որ սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Դամասկոսում և Հալեպում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատել են ողջ թափով` Սիրիայի ժողովրդի հետ հավասարաչափ կիսելով պատերազմի ողջ զրկանքներն ու դառնությունները: Հայաստանի կառավարության և ժողովրդի անունից բազում մարդասիրական օգնություններ են ուղարկվել Սիրիայի բարեկամ ժողովրդին` այն դիտարկելով առաջին հերթին որպես բարոյական պարտքի դրսևորում:
Գլխավոր հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի և վստահության համար, նշել է, որ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողմից, և, որ խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության եղբայրական աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված Սիրիայում բնակվող ժողովրդի հոգսերի թեթևացմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայությունների մատուցմանը: