կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-16 13:23
Քաղաքական

ԲՀԿ-ն քաղաքական շահե՞ր, թե՞ ինչ-որ մեկի բիզնես շահերն է ներկայացնում ԱԺ-ում. Թունյան

ԲՀԿ-ն քաղաքական շահե՞ր, թե՞ ինչ-որ մեկի բիզնես շահերն է ներկայացնում ԱԺ-ում. Թունյան

Լրագրողներն այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանից հետաքրքրվեցին` ի՞նչ ծանոթ-բարեկամների մասին էր ակնարկում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` ասելով, թե «Արարատ ցեմենտ»-ի հարցով խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում «նման առաջարկ ներկայացնողներն անձնական շահեր են հետապնդում»։

Թունյանը լրագրողներին հորդորեց  պատասխանը հենց Ծառուկյանից ստանալ, իսկ եթե մեր` լրագրողներիս հարցերին ԲՀԿ առաջնորդը չի պատասխանել, ուրեմն պատասխան չունի:

«Այսինքն` անհի՞մն են Ծառուկյանի հայտարարությունները»,- հարցրեցինք:

«Հիմա ով ինչ ասի, ես պետք է արդարանա՞մ: Նրանք իրենց ասածների համար թող պատասխան տան: Ես հերքում եմ Ծառուկյանի ասածները: Այդ խմբակցությանը մի բան էլ կարող եք հարցնել, թե այստեղ քաղաքական շահե՞ր, թե՞ ինչ-որ մեկի բիզնես շահերն են ներկայացնում: Ամբողջ խմբակցությունը ֆիքսվել է մեկ ընկերության վրա, ու մեղադրում են, թե ծանոթ-բարեկամ ունես, ինչն անհասկանալի է»,- պատասխանեց Թունյանը:

Նա ընդգծեց նաև` ցեմենտի գործարանի վերաբերյալ բոլոր հիմնավորումները հանձնաժողովում մանրամասն հնչեցրել են, խորհրդարանի տնտեսագիտական փորձաքննության վարչությունն էլ իր եզրակացությունն է ներկայացրել այն մասին, թե կառավարության ներկայացրած նախագիծն ինչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում: Իսկ եթե ավելի մանրամասն բացատրությունների կարիք կա, ապա, ըստ Թունյանի, հարցը քննարկվելու է, դրա համար բավական երկար ժամանակ է հատկացվելու:

Հարցին` Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ են ցեմենտի գործարանի հարցը, հանձնաժողովի նախագահի պատասխանը կտրուկ-բացասական էր: Նա նախ հստակեցրեց` կառավարությունն իրենց աշխատանքներին չի միջամտում, ապա նշեց. «Ազգային ժողովը կառավարությունից առանձին մարմին է, առանձին թև է: ԱԺ-ն նաև նրա համար է, որ ֆիլտրի կառավարության բերած նախագծերը, ու այս դեպքում շատ ավելի հակասական է ստացվում, որ կառավարության ծրագրին «Իմ քայլը» շատ ավելի դեմ է, քան ԲՀԿ-ն»: