կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-12 13:34
Տնտեսական

Կառավարությունն առաջարկում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք

Կառավարությունն առաջարկում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը դրական եզրակացություն տվեց տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը պաշտպանող «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:

Նախագծերը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ներկայացնելիս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ իրականացվող փոփոխություններով կառավարությունը նպատակ ունի պաշտպանել Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը. կառավարությունն առաջարկում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ տեղական արտադրողը վստահեցնում է, որ առաջիկայում ինքնարժեքի իջեցման հնարավորություն կա՝ այս տարվա ընթացքում 6-7 հազար դրամով։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ նույն սկզբունքով կարելի է բոլոր ներմուծվող ապրանքների վրա պետական տուրք սահմանել, ինչն ընդունելի չէ։

«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Հայկ Սարգսյանը, ընդդիմացավ նախագծին`շեշտելով, որ ինքը դեմ է նշված՝ 22 հազար դրամ պետական տուրքին։  «Մեզ համար ավելի կարևոր է, որ Հայաստանում ցեմենտի գինը լինի մի քանի անգամ ավելի էժան, ինչը կհանգեցնի շինարարության էժանացմանը։ Պետք է հաշվառենք՝ մեզ ավելի ձեռ է տալիս 400 աշխատատեղ պահե՞լը, թե՞ մեր շինարարությունը էժանանա, ու բյուջեում մուտքեր ապահովենք։ 22 հազար դրամ պետական տուրքը պետք է վերանայել, իջեցնել, ինչը կնպաստի Իրանից ցեմենտ ներկրելուն, ինչը կբերի գների էժանացմանը»,- ասաց պատգամավորը։

Քննարկման ընթացքում ԲՀԿ-ական պատգամավորները ողջունեցին օրենսդրական նախաձեռնությունը: Հավելենք՝ օրինագիծը համարվում էր « Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին առնչվող ցեմենտի գործարանի գործունեությունը պաշտպանող նախագիծ։