կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-07 10:34
Հասարակություն

«Աննա Հակոբյան, իմ եւ ձեր պատկերացումները լրագրողական էթիկայի մասին տարբեր են». «Առավոտ»

«Աննա Հակոբյան, իմ եւ ձեր պատկերացումները լրագրողական էթիկայի մասին տարբեր են». «Առավոտ»

Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր՝ Մարիամ Փաշինյանի բրյուսելյան այցի մասին այս աղմուկին չէի անդրադառնա, եթե չլիներ հենց իր՝ Աննա Հակոբյանի հրապարակումը, որտեղ նա վարչապետի աշխատանքային այցը լուսաբանելու համար Բրյուսել մեկնած լրագրողներիս վրա այսպես ասած «բոչկա է գլորում»: 

Վարչապետի կինը դավադրությունների տեսությամբ մի պատկեր է նկարագրում, թե Բրյուսել մեկնած լրագրողները, իրեն ու դստերը պատահաբար հանդիպելով փողոցում, շոկի են ենթարկվել, չեն հաղթահարել շոկը, լրագրողներից մեկն էլ ֆեյսբուք է մտել, Երեւանում մեկ այլ ընդդիմադիր ԶԼՄ-ում աշխատող իր գործընկերոջը գրել, թե՝ այսպիսի սենսացիոն լուր կա, ես չեմ կարող գրել, ամոթա, բայց ափսոսա, գոնե դուք գրեք: 

Նախ, իրեն հարգող ոչ մի լրագրող չի զանգի մեկ այլ ԶԼՄ-ի ու նման խոսակցություն վարի, թե ես չեմ կարող գրել, ամոթ ա, դու գրի: Եթե տիկին Հակոբյանը նման կասկածներ ունի, առնվազն պիտի հասցեական խոսի, հակառակ դեպքում սա անհարգալից վերաբերմունք է Բրյուսել մեկնած բոլոր լրագրողների նկատմամբ: Այստեղ ինձ զարմացրեց նաեւ այն, որ Աննա Հակոբյանը կարծում է՝ իրեն տեսնելիս շոկահարվում են, չեն կարողանում հաղթահարել շոկը: Դա ինձ համար նորություն էր, որովհետեւ կոնկրետ ես շոկի չեմ ենթարկվել: 

Հրապարակումից նաեւ հասկացա, որ լրագրողական էթիկայի մասին իմ ու իր պատկերացումները չափազանց տարբեր են։ Ես չգիտեմ իր որ սպասելիքները մենք չենք արդարացրել, որ այդպիսի բան է գրել, բայց իմ պատկերացմամբ սրճարանում նստած առաջին տիկնոջը չեն գնում «դիկտաֆոն դեմ տալիս» ու սուրճը քթից բերում՝ նրան «փուռը» տալով։ Ի վերջո, մարդու անձնական կյանքի ու ազատության իրավունքը հարգել է պետք։ Միակ բանը, որ պետք էր ճշտել այդ այցից, այն էր՝ նա բյուջեի հաշվի՞ն է գնացել, թե՞ իր, ինչը ես արել եմ ու հրապարակել։ 

Վարչապետի կինը կամ ինչ-որ բան շփոթում է, կամ դիտավորյալ այլ կերպ է փորձում ներկայացնել: Թե ինչպես, ինչ հանգամանքներում են լրագրողներն իրեն հանդիպել Բրյուսելում, «Առավոտի» հրապարակման մեջ արդեն նշել եմ: «Հոգուս խորքում հույս էի փայփայում, որ լրագրողներից մեկը այնուամենայնիվ կկտրի դիմացս: Մի քանի րոպե աչքերով նրան փնտրելուց հետո հույսս կտրեցի, եւ շարունակեցինք մեր ճանապարհը՝ սպասումով, որ հաջորդ օրը սենսացիոն նյութեր կկարդանք մեր այցի մասին»,- գրում է Աննա Հակոբյանը: Իրականում տիկին Հակոբյանը սրճարանում ձեռքերով փակել էր իր դեմքն ու գլուխը, ինչից անձամբ ես ենթադրեցի, որ մարդը չի ցանկանում երեւալ, թաքնվում է, հետեւաբար սա եւս մեկ ազդակ էր, որ հարգելով նաեւ իր ազատության իրավունքը, ինչպես ինքն է գրում՝ աշխատանքային գործիքներս գրպանումս ունենալով՝ նրան չմոտեցա ու հարցախեղդ չարեցի: 

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: