Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պահանջը, որ ես հեռանամ ԵՊՀ ռեկտորի պաշտոնից, առաջին հերթին կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանինն է. լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Կարծում եմ` նաև նրար խորհրդականի՝ Սամվել Կարաբեքյանի, որոնք մեր համալսարանականներն են և, որոնց դուր չի եկել ժամանակին իմ աշխատաոճը, իմ կողմից համալսարանի ղեկավարումը, երևի»,- հավելեց նա:
ԵՊՀ ռեկտորն անդրադարձավ նաև այսօրվա` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին: «Կուզենայի, որ այսօր, այնուամենայնիվ, քննարկում լիներ, սակայն համաձայն եմ, որ, իրավական տեսանկյունից, առաջ քաշված հարցը միանգամայն կամայականություն է, որովհետև չունի ոչ մի լուրջ հիմնավորում։ Ես ժամկետով ընտրված ռեկտոր եմ, ու իմ ժամկետին դեռ 1 տարի կա։ Կասկածի տակ դնել դրա լեգիտիմությունը ոչ ոք չի կարող։ Ինչքան էլ ասեն, որ հոգաբարձուների նախորդ խորհուրդը բռնապետական էր, հալածում էր և այլն, դա ինձ համար բացարձակ հեռու է ճշմարտությունից։ Ես ձեզ կարող եմ վստահորեն ասել, որ հոգաբարձուների բոլոր խորհուրդների ժամանակ միշտ էլ բարձրացվել են հարցեր, միշտ էլ եղել են ելույթներ, նաև՝ քննադատական ելույթներ համալսարանի ղեկավարության հասցեին, և ես որևէ ճնշում, անազատ վերաբերմունք խորհրդի կողմից անձամբ իմ նկատմամբ չեմ տեսել և հիմա էլ չեմ տեսնում։ Այսօր էլ հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի կողմից ես չեմ լսել որևէ թթու խոսք»,- հավաստիացրեց նա:
Ըստ Սիմոնյանի` ամեն դեպքում իր հրաժարականի պահանջի մեջ տեսնում է քաղաքական ենթատեքստ: «Այո′, այստեղ կա նաև քաղաքական խնդիր։ Չեմ թաքցրել ու հիմա էլ չեմ թաքցնում՝ ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ 1997թ. սկզբից, երբ այդ կուսակցությունը դեռևս փոքրաթիվ էր։ Ընդունվել եմ այդ կուսակցության շարքերը, որովհետև ոչ թե երազում էի կարիերայի մասին, այլ որովհետև ես ունեմ գաղափարական հստակ մոտեցումներ՝ Նժդեհի ազգային-պահպանողական գաղափարների կողմնակիցն ու ջատագովն եմ: Կուսակցական եմ եղել և այսօր էլ կուսակցական եմ, բայց ես երբեք համալսարանականի իմ դերակատարումը չեմ խառնել իմ կուսակցական լինելու հետ։ Ոչ ոք ինձ դրանում չի կարող համոզել և ապացուցել։ Միշտ եղել եմ ու կլինեմ այն համոզման, որ ԵՊՀ-ն կուսակցական քարոզի, կուսակցական խաղերի և կուսակցական գործունեության տեղ չէ, ու չի կարող լինել ոչ մի կրթական հաստատություն»,- ասաց ԵՊՀ ռեկտորը: