կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-22 16:10
Տարածաշրջան

Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ բանակցություններն առկախելու առաջարկը

Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ բանակցություններն առկախելու առաջարկը

Եվրախորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը 7 դեմ, 47 կողմ, 10 ձեռնապահ ձայներով ընդունել է եվրաինտեգրման վերաբերյալ Թուրքիայի հետ ընթացող բանակցություններն առկախելու առաջարկը, որն արել էր Եվրախորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական խմբի հոլանդացի խորհրդարանական, Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին։   

2019թ. զեկույցում Փիրին Թուրքիայում առկա կառավարման համակարգը որակել է որպես բացահայտ ավտորիտար (ինքնակալական): Ըստ նրա՝ Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգի տակ է, ոտնահարվում են մարդկանց իրավունքները։ Զեկուցողը հիշեցրել է, որ Թուրքիայում  կալանավորված է շուրջ 50 հազար քաղաքացի, այդ թվում` իրավապաշտպաններ, լրագրողներ և քաղաքական գործիչներ. նշում է ermenihaber.am կայքը` հղում անելով sputnik.com.tr կայքին:

«Թուրքիան` որպես եվրաանդամակցության թեկնածու, արդեն անցել է կարմիր գծերը, ու դա պիտի ունենա քաղաքական հետևանք»,- շեշտել է Եվրախորհրդարանի պատգամավորը:

Քվեարկությունից հետո Փիրին ուշադրություն է հրավիրել Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին: Նա հիշատակել է նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած և այժմ թուրքական բանտում գտվող Օսման Քավալային և անընդունելի համարել այն, որ թուրքական իշխանություններն, առանց մեղադրական եզրակացության, բանտում են պահում Քավալային։  

Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում մարտ ամսին կանդրադառնա միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ընդունած առաջարկին: Ի տարբերություն Եվրախորհրդարանի՝ Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն ողջունում Թուրքիայի հետ բանակցությունների առկախման առաջարկը: