Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մշակույթի նախարարությունը կոչ է անում կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս պրոդաքշն» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Գալստյանին` դադարեցնել հացադուլը:
Նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ վերջնագիրն այս դեպքում արդյունավետ միջոց չէ որևէ փոխհամաձայնության գալու և առաջացած խնդրին լուծում տալու համար: Ավելին` հացադուլի դիմում են մարդիկ, որոնք իրենց իրավունքները պաշտպանելու որևէ այլ միջոց այլևս չունեն, և որոնց ներկայացրած պահանջներն անվերապահորեն արդարացի են:
«Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման գործընթացում վիճելի խնդիրներ կան և' նախարարության, և' կինոկենտրոնի համար: Այդ խնդիրները պարզաբանելու համար ու դրանց լուծման նպատակով հարուցվել է դատական գործ՝ «Պարալլելս պրոդաքշն» ընկերության և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի միջև, և դատարանը կպարզի որևէ կողմի իրավացիությունը:
Հավելենք, որ նախարարությունը պաշտոնական նամակ է ուղղել «Պարալլելս պրոդաքշն» ընկերության միջազգային գործընկերներին՝ խնդրելով նրանց հետաձգել «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկատմամբ համատեղ պարտավորությունների կատարման ժամկետները՝ մինչև դատական գործընթացի ավարտը, ուստի նախարարությունը հորդորում է ռեժիսորին` դադարեցնել հացադուլը, քանի որ այս համատեքստում նրա գործողությունը որակելի է որպես չարդարացված ծայրահեղություն:
Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը: Կինոռեժիսորն իր հայտարարության մեջ հիշեցրել է, որ 2015թ.-ի հուլիսի 21-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոնախագծերի փաթեթների ընդունման և հաստատման կանոնակարգի համաձայն՝ «Պարալլելս Ֆիլմպրոդքշն» ընկերությունը կինոկենտրոն է փոխանցել «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հայտը և արտադրության փաթեթը՝ պետական ֆինանսավորմամբ աջակցություն ստանալու նպատակով:
Նոյեմբեր 13-ին կինոկենտրոնը No․329 գրությամբ ընկերությանը տեղեկացրել է, որ կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հաստատել է «Տատիկիս Վարսերը» նախագծին 2016-2018թթ.-ին նախագծի ամբողջ բյուջեի 30%-ի ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը։
2016թ.-ին կինոկենտրոնը ընկերությանն է փոխանցել պայմանագիր, որտեղ նշվել է նախագծում կինոկենտրոնի մասնակցության չափը՝ 88մլն դրամ։
Ըստ նրա՝ հետագայում, հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի առանձնահատկությունները, կինոկենտրոնն առաջարկել է մեկ ընդհանուր պայմանագիրը փոխարինել հատվածական պայմանագրերով յուրաքանչյուր տարվա համար։
«2016թ.-ին կինոկենտրոնը կատարել է պարտավորությունը: 2017թ.-ին Մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով պայմանագրով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է»։