|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայր Աթոռ Սբ Էջմիածինը հայտարարություն է տարածել հետընտրական զարգացումների առնչությամբ, որում ասվում է.
«Հետևելով հետընտրական զարգացումներին և դրանց ընթացքում կատարված մեկնաբանություններին` հարկ ենք համարում նշել հետևյալը. բարձր ենք գնահատում մեր ժողովրդի ողջամտությունը, որ դարձավ երաշխիքը ընտրությունների խաղաղ և քաղաքակիրթ կազմակերպման և իրականացման:
Նկատի առնելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելությունների զեկույցներն ու գնահատականները, ինչպես նաև այլ տեղեկատվական նյութերը` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հստակ արտահայտել է իր կեցվածքն ընտրության արդյունքների վերաբերյալ և անընդունելի է նկատում, երբ փորձ է արվում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց Հայրապետին և անգամ` ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը:
Մեծի պահոց այս շրջանում մեր ժողովրդի զավակներին հրավիրում ենք աղոթքի և կոչ ուղղում առաջնորդվել եղբայրսիրության ու համերաշխության ոգով` զերծ մնալով անհանդուրժողականության և ատելության դրսևորումներից:
Հորդորում ենք նաև Տիար Րաֆֆի Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը և ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ: Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է»: