Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է հատուկ դասընթաց-քննարկումների շարք Քրեակատարողական ծառայության եւ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, այդ թվում՝ բժիշկների, հոգեբանների, ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն շփում ունեցող անվտանգության ապահովման բաժնի եւ հերթապահ խմբի աշխատակիցների համար:
ՄԻՊ-ից հայտնում են, որ միջոցառման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումների անցկացումը՝ արձանագրելով բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտում իրավասու պետական մարմինների բացթողումները:
«Առաջնահերթ նշանակության հարց է քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժիշկների արժանապատիվ սոցիալական երաշխիքների, նրանց պարբերական վերապատրաստումների համակարգի ներդրումը: Առաջնահերթ է նաեւ բժիշկների անկախության ապահովումը եւ ազատությունից զրկված անձանց հետ շփումներում բժիշկ-պացիենտ վստահության վրա հիմնված հարաբերությունների երաշխավորումը»,- նշել է Արման Թաթոյանը:
Առաջիկա օրերի ընթացքում անցկացվող քննարկումների ու դասընթացների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցները կներկայացնեն խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտի ներպետական եւ միջազգային չափանիշները: Կքննարկվեն հարցեր քրեակատարողական հիմնարկների սոցիալ-հոգեբանական եւ բժշկական հիմնախնդիրների, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում հոգեբանական խորհրդատվության, առողջապահական ծառայությունների կազմակերպման, բժշկական էթիկայի, ինքնասպանությունների կանխարգելման եւ հացադուլի վարման վերաբերյալ:
Նշենք, որ դասընթաց-քննարկումը կազմակերպվել է «Ազգային կանխարգելման մեխանիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջարկությունների իրականացում եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների հզորացում» ծրագրի (OPCAT) շրջանակում։