կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-31 10:52
Քաղաքական

Մեկնարկել է վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա

Մեկնարկել է վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիա մեկնարկել է Քյոլն քաղաքից: Ինչպես Գերմանիայից հաղորդել է «Արմենպրես»-ի թղթակիցը, հունվարի 30-ի ուշ երեկոյան վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Քյոլնի «Քյոլնն-Բոնն» օդանավակայանում:

Վաղ առավոտից օրը հագեցած է լինելու հանդիպումներով. վարչապետը նախ կհանդիպի KFW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ, ապա կմեկնի Քյոլնի տեխնիկական համալսարան, որտեղ կհանդիպի համալսարանի ղեկավար կազմի հետ: Այստեղ նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև: Համալսարանում վարչապետը հանդես կգա ելույթով, ապա կպատասխանի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հարցերին:

Հաջորդ կանգառը լինելու է Քյոլնի քաղաքապետարանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի եվրոպական և միջազգային հարցերով նախարար Շտեֆան Հոլդհոֆ Գերթների կողմից ճաշ կմատուցվի: Այնուհետև Փաշինյանը կայցելի Քյոլնի Մայր տաճար, իսկ ավելի ուշ արդեն կմեկնի Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարան: Այստեղ ՀՀ վարչապետը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կզրուցի համայնքին հետաքրքրող հարցերի շուրջ: Նույն օրը վարչապետի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կմեկնի Բեռլին: Օրվա ավարտին նա կընթրի մի խումբ գերմանացի պատգամավորների հետ:

Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա կավարտվի փետրվարի 1-ին: