կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-24 12:59
Հասարակություն

Այո, ուզում ենք, որ շոու բիզնեսը հարկվի, նրանք էլ դեմ չեն. Դավիթ Անանյան

Այո, ուզում ենք, որ շոու բիզնեսը հարկվի, նրանք էլ դեմ չեն. Դավիթ Անանյան

Թաթան բոլորինն է, համազգային է, բայց նա, մնացածների համեմատ, արտոնյալ չէ` հարկեր վճարել-չվճարելու առումով. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով ՊԵԿ հայտարարությանը, որ շոու բիզնեսի ներկաայցուցիչները պետք է հայտարարագրեն եկամուտները և վճարեն հարկեր, նաև` խոսակցություններին, որ ինքն ասել է, որ երգիչ Թաթային «ձեռք չտան»:

Անանյանը տեղեկացրեց, որ ընթացիկ հսկողական գործառույթներ իրականացնում են ՊԵԿ աշխատակիցները, այդ թվում այցելում են ռեստորանային համալիրներ և հորդորում, որ եթե լինում են հավաքույթներ, սահմանված կարգով ձևակերպեն այդ անձանց աշխատանքը: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ դա հորդորի տեսքով է լինում:

«Այո, մենք ուզում ենք, որ շոու բիզնեսը հարկվի, բայց նաև շոու բիզնեսից ենք այդպիսի ազդակներ ստանում. նրանք էլ դեմ չեն, որ հարկվեն: Պետք է մոտակա ժամանակներում որոշակի քննարկումներ ունենանք և նրանց ուղղորդենք այն ճիշտ ճանապարհով, որ նրանք դեռ պետք է իրականացնեին տարիներ առաջ, բայց հանրային քննարկման և հանրային փոխադարձ համաձայնություն պետք է ձեռք բերենք և ոչ միայն շոու բիզնեսի առումով: Մենք մատնանշել  ենք շոու բիզնեսին, որպեսզի հարկեր վճարելու մշակույթ կերտելու առումով մշակույթի գործիչները օգնության գան մեզ»,- ասաց Անանյանը:

«Իսկ ինչ-որ մեկն արդեն հայտարարագրե՞լ է եկամուտները» հարցին նա արձագանքեց. «Ճիշտն ասած` այս պահին ունեմ 10 օր առաջվա տեղեկատվություն, որ դեռևս անձնավորված ամփոփ արդյունքներ չեն ներկայացվել, բայց եթե չեմ սխալվում մարտի 15-ն է եկամտային հարկի ամփոփ տարեկան հաշվարկ ներկայացնելու վերջնաժամկետը: Այնպես որ` մարդիկ դեռ ժամանակ ունեն»: