կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-22 11:13
Իրավական

Կրկնակիից ավելի աճել են Պաշտպանին հասցեագրվող բողոքները պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ

Կրկնակիից ավելի աճել են Պաշտպանին հասցեագրվող բողոքները պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին, նրանց բարձրացրած խնդիրներին պատշաճ պատասխանելուն հետևելը: Աշխատանքի այս ուղղությունը ներառում է նաև այդ մարմինների կողմից լրագրողական հարցումների պատասխանների տրամադրման հարցերը:

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են`Մարդու իրավունքների պաշտպանի առաջնային ուշադրությունն այս ոլորտի նկատմամբ նախևառաջ կոչված է նպաստելու պետության հաշվետվողականության ամրապնդմանը, քաղաքացի-պետություն կապի ապահովմանը: Այն ներառում է նաև լրագրողների հարցումներին պատասխանելու պրակտիկայի մոնիթորինգը, քանի որ լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է իրացվում տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը և ի վերջո՝ այդ կերպ է նաև երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:

Պաշտպանի աշխատակազմում վարվում է առանձին վիճակագրություն տեղեկատվության ազատության ոլորտում գրավոր և բանավոր բողոքների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում առաջարկներ ներկայացնելու նպատակով:

 Աշխատանքի այս ուղղությունն արդեն իսկ լինելու է Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո։

Մասնավորապես, եթե 2016 թվականին ստացվել է քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ 38 բողոք, 2017 թվականին՝ 46, ապա 2018 թվականին բողոքների թիվը կրկնակիից ավելի աճել է՝ հասնելով 109-ի։

Եթե 2016 թվականին բողոքների հիմնական մասն վերաբերել է Պաշտպանության նախարարությանը, Կառավարության աշխատակազմին և Քննչական կոմիտեին, ապա 2017 թվականին՝ Ոստիկանությանը, Դատախազությանը, Քննչական կոմիտեին, Պաշտպանության նախարարությանը և Առողջապահության նախարարությանը։

2018 թվականի հունվար ամսից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Պաշտպանը ստացել է 45 բողոք, որոնց հիմնական մասն ուղղված է եղել Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Հայաստանի ազգային արխիվի, Կառավարության աշխատակազմի դեմ, իսկ 2018 թվականի հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում թվով 64 բողոքների մեծ մասը վերաբերել է Առողջապահության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, Ոստիկանությանը, Արդարադատության նախարարության մարմիններին, այդ թվում՝ Քրեակատարողական ծառայությանը: