Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այսօր ոչ իշխանական չորս ուժերը համաձայնագիր են ստորագրել, որում ներկայացված են կառավարությանն առաջադրվող 12 պահանջները: Նա կոչ արեց բոլորին` լուրջ վերաբերվել այդ փաստին: Նաեւ նշեց, որ Դաշնակցությունն այդ համաձայնագրի տեքստն ուղարկել է նաև ՀՀ նախագահին ու ՀՀ վարչապետին:
Ռուստամյանի խոսքով` իրական քաղաքակիրթ հարաբերությունների սկիզբ է դրվում, և քառյակի պահանջները լավագույն շանսն են, որ կառավարությունը վերականգնի հասարակության` իր հանդեպ վստահությունը:
«Պատրաստ ենք լիարժեք քննարկել այս պահանջները, եթե կա խնդիր բանավիճելու, պատրաստ ենք բանավիճել: Ընդդիմությունը և իշխանությունը մեկ նավի մեջ են, մենք չենք ուզում ճոճել այդ նավը, որովհետև երկրի գահավիժումից տուժելու են բոլորը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորը կարևորեց, որ կառավարության խոսքը պետք է վերածվի գործի, և եթե ասվում է, որ մարդիկ կարող են դիմումներ գրել` հրաժարվելով պարտադիր վճարներից, ապա չպետք է մյուս կողմից ճնշումներ իրականացնել այդ մարդկանց վրա, որպեսզի չգրեն այդ դիմումները:
«Մի արեք դա, ես կոչ եմ անում մեր ժողովրդին, ովքեր ճնշումների տակ են, դիմեք մեզ, դիմեք «Դեմ եմ» շարժմանը, մենք տեր կկանգնենք բոլորի դիմումներին, և ականջալուր լինելը կսկսվի հենց այդտեղից»,- ասաց Արմեն Ռուստամյանը: