կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-17 17:27
Հասարակություն

3 ժամ անց ենք Արմանին դուրս բերել այդ տարածքից. ականի պայթյունից տուժած տղամարդու ոտնաթաթն անդամահատել են

3 ժամ անց ենք Արմանին դուրս բերել այդ տարածքից. ականի պայթյունից տուժած տղամարդու ոտնաթաթն անդամահատել են
Տեղեկացրել էինք, որ երեկ` ժամը 15:00-ի սահմաններում, Բարեկամավանի բնակիչ Արման Միքայելյանն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է: 
 
Բարեկամավան համայնքի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ համագյուղացին մտավոր խնդիրներ ունի, անգիտակցաբար անցել է փշալարն ու մտել ականապատ դաշտ, ականի վրա կանգնել: Պայթյունի հետևանքով Արման Միքայելյանը կորցրել է ոտքի թաթը: 
 
«Մոտ երեք ժամ անց ենք Արմանին դուրս բերել այդ տարածքից, երբ համապատասխան օգնություն է նաև եկել: Արմանն արյուն էր կորցրել, սակայն ծանոթները, բարեկամներն արդեն արյուն են հանձնել: Նրան տեղափոխել էինք Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ էլ վիրահատվել է. անդամահատել են թաթը: Վիրահատությունը հաջող է անցել, Արմանի գիտակցությունը տեղն է, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց համայնքի ղեկավարը: 
 
Նրա խոսքով` Արման Միքայելյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար: 
 
Արման Միքայելյանն ապրում է հոր հետ, որը նույնպես պայթյունի հետևանքով հաշմանդամություն ունի: «Արմանի հոր հետ էլ դեպքը տեղի է ունեցել 1994-ին, երբ իր այգում գործ անելիս է եղել: Նրա մայրը վերջերս` 1 տարի առաջ է մահացել: Բարեկամներ ունի, որ գալիս, խնամում են, ճաշ եփում, իսկ մյուս օրերին գյուղն է նրանց խնամում»,- ասաց Բարեկամավանի ղեկավարը: 
 
Նրա խոսքով` ականի պայթյունի դեպք հաճախ չի լինում գյուղում. վերջին անգամ 2000 թվին է եղել: 
 
Լուսանկարը` Վահան Ազիբեկյանի