Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտոնական այցով Բաղդադում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ՝ հունվարի 13-ին, հանդիպել է Իրաքի ԱԳ նախարար Մուհամմադ Ալի Հաքիմի եւ վարչապետ Ադել Աբդելմահդիի հետ:
Ըստ ԻՌՆԱ գործակալության` Զարիֆ-Հաքիմ հանդիպման ավարտին երկու կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է, որ հանդիպումը պատեհ առիթ էր համատեղ հետաքրքություն ներկայացնող, երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրների քննարկման համար:
Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Զարիֆը, անդրադառնալով երկկողմ բարեկամական հարաբերություններին, նշել է, որ դրանք չեն վնասում որեւէ մեկին, եւ, բնականաբար, երրորդ կողմը չի կարող միջամտել դրանց:
Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, իր հերթին բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա պատմական ու բարեկամական հարաբերությունները, նշել է, որ դրանց զարգացումը բխում է երկու երկրների շահերից: Նա հատուկ ընդգծել է, որ, ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական պատժամիջոցներով հանդերձ, պաշտոնական Բաղդադը հաստատակամ է` ընդլայնել իր հարաբերությունները Թեհրանի հետ:
Երկու գործընկերները կարեւորել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումն ու ինքնիշխանության հարգումը եւ իրենց լիարժեք աջակցությունն են հայտնել Եմենի ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված` Ստոկհոլմի բանակցություններին:
Զարիֆ-Աբդելմահդի հանդիպման ժամանակ էլ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացքը` կարեւորելով հատկապես առեւտրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնումը: Նրանք մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների մասին:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երեկ հանդիպել է նաեւ Իրաքի խորհրդարանի «Բարեփոխում եւ կառուցում» խմբակցության ղեկավարի եւ ազդեցիկ դեմքերի՝ Սեյեդ Ամմար Հաքիմի եւ նախկին վարչապետ Այադ Ալավիի հետ:
Այսօր՝ հունվարի 14-ին, նախատեսված են Զարիֆի հանդիպումներն Իրաքի նախագահի եւ խորհրդարանի նախագահի հետ: Քառօրյա այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը մասնակցելու է երկու երկրների առեւտրա-տնտեսական ֆորումին, այցելելու է Քերբելա, Սուլեյմանիե եւ Էրբիլ, որտեղ կհանդիպի Իրաքի Քուրդիստանի ինքնավարության ղեկավարների հետ: