Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի առաջին օրերին Վարշավայի «Pilecki» ինստիտուտը բացեց իրավագետ Ռաֆայել Լեմկինին նվիրված ժամանակավոր ցուցադրություն: «Pilecki» ինստիտուտի խնդրանքով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը մեծ պատրաստակամությամբ տրամադրել է ՀՑԹԻ արխիվում պահվող եզակի ցուցանմուշ՝ Սողոմոն Թեհլիրյանի հազվագյուտ լուսանկարը:
1924 թ. Փարիզում Սողոմոն Թեհլիրյանի և կնոջ` Անահիտ Թաթիկյանի արված այս լուսանկարը 2009ին ՀՑԹԻ-ին նվիրաբերել է ամերիկաբնակ Լևոն Սարյանը:
Վարշավայի ցուցադրությունում Թեհլիրյանի լուսանկարն ընդգրկելու հիմք է հանդիսացել Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թ. առաջին անգամ «ցեղասպանություն» եզրի շրջանառության մեջ դնելու նախապատմությունը:
Դեռևս պատանի հասակում Ռաֆայել Լեմկինին ցնցել է 1915 թ. Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը: 21 տարեկանում, երբ նա լեզվաբանություն էր ուսումնասիրում Լվովի համալսարանում, պատահաբար տեղական թերթից տեղեկանում է Սողոմոն Թեհլիրյանի կողմից Բեռլինում Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանության մասին: Հայոց ցեղասպանությունն իրագործած թուրք ոճրագործների անպատիժ մնալու հանգամանքը մտահոգում է Լեմկինին, նա տեղեկանում է նաև՝ չկա որևէ օրենք, որով թուրք հանցագործներին հնարավոր կլինի հանձնել արդարադատությանը: Սողոմոն Թեհլիրյանի գործը Ռաֆայել Լեմկինի համար հիմք է հանդիսանում հետաքննելու համար այն պարադոքսը, թե ինչպես Ս. Թեհլիրյանը կարող էր մեղադրվել մարդասպանության համար, այն դեպքում, երբ սպանվածը` Թալեաթը ավելի քան մեկ միլիոն մարդու բնաջնջման ծրագիրը հաջողությամբ իրագործելուց հետո, կարողացել էր խուսափել պատասխանատվությունից:
Դեռևս երիտասարդ դոկտորանտ Լեմկինն իր հուշերում գրում է. «Թուրքիայում ավելի քան մեկ ու կես միլիոն հայ սպանվեց միայն այն պատճառով, որ քրիստոնյա էր: …Հետո մի օր թերթում կարդացի այն մասին, որ բոլոր թուրք պատերազմական հանցագործները պետք է ազատ արձակվեն: Ես ցնցված էի: Ազգը ոչնչացված է, իսկ մեղավորներն ազատության մեջ են: Ինչո՞ւ է մարդը պատիժ կրում, երբ սպանում է որևէ մեկին, մինչդեռ միլիոնավոր մարդկանց սպանությունն ավելի՞ պակաս հանցագործություն է, քան անհատի սպանությունը: … Ես չգիտեի բոլոր պատասխանները, բայց զգում էի, որ աշխարհը պետք է օրենք ընդունի նմանատիպ ռասայական կամ կրոնական սպանության դեմ»:
Միջազգային հեղինակություն ունեցող ցեղասպանագետների, իրավաբանների, լրագրողների մասնակցությամբ բացված ցուցադրությանը ներկա է եղել նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի փոխտնօրեն Էդիտա Գզոյանը. «Որպես իրավաբան – ցեղասպանագետ, իհարկե, շատ եմ կարևորում այս ցուցադրության կազմակերպումը: Ցանկանում եմ նշել, որ ՀՑԹԻ արտաքին կապերի առանցքում լինելու է հավասարազոր պայմաններում համագործակցություն ինչպես Սփյուռքի, այնպես էլ միջազգային կառույցների հետ»: