կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-22 18:37
Քաղաքական

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի» ներկայացուցիչներին

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի» ներկայացուցիչներին

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի» տնօրեն Ռազմիկ Արզումանյանին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերին և Արցախի պաշտպանության բանակին ցուցաբերվող օժանդակության ընթացքը, ինչպես նաև նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Կարևորելով հիմնադրամի գործունեությունը և շնորհակալություն հայտնելով իրականացվող ծրագրերի համար, Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ հիմնադրամի կողմից նվիրաբերված՝ զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների հերթական խմբաքանակն արդեն իսկ առաքվում է զորքեր, մասնավորապես՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասեր:  

Իր հերթին, Ռազմիկ Արզումանյանը տեղեկացրել է, որ հիմնադրամի կողմից նախաձեռնվել է նոր, լայնածավալ ծրագիր, որով նախատեսվում է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու նպատակով մարտական հենակետերը կահավորել սանիտարական և խոհանոցային պատրաստի հանգույցներով:

Զրուցակիցներն ընդգծել են հիմնադրամի յուրահատուկ դերակատարությունն ու համահայկական նշանակությունը և երախտագիտություն հայտնել  բոլոր այն  հայրենակիցներին, ովքեր հիմնադրամի միջոցով իրենց ներդրումն են ունենում Հայոց բանակի կայացման գործում: