կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-09 17:22
Քաղաքական

Հունան Պողոսյանը ուղղորդում է մարդկանց` քվեարկել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Հունան Պողոսյանը ուղղորդում է մարդկանց` քվեարկել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ԲՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում դիմել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին:

«Դիմում եմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, որ բացահայտ ուղղորդում է մարդկանց` գնալ և քվեարկել «Իմ քայլը» դաշինքով առաջադրված թեկնածուների օգտին: Դուք հավատարմորեն ծառայել եք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Դուք փորձում եք նույն` արջի ծառայությունը մատուցել Նիկոլ Փաշինյանին: Ես վստահ եմ, որ վարչապետը չի հրահանգել Ձեզ լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ, հավաքել համայնքապետերին և հրահանգել աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին»,- ասաց Զոհրաբյանը:

Նա ԿԸՀ նախագահի, ինչպես նաև կառավարության ուշադրությունն է հրավիրում Սյունիքի մարզպետի վրա: «Եթե Դուք մտածում եք, որ կարողանալու եք, առավելագույն քվե ապահովելով, պահպանել Ձեր աթոռը, դա չի լինելու: Ես հույս ունեմ, որ մեկը մյուսի հետ կապ չունեն, որովհետև վարչապետն ասել է, որ իրեն որևէ ուղղորդված քվե պետք չէ, և որ որևէ մեկի մտքով չանցնի, որ, ընտրողին ուղղորդելով, պահելու է իր աթոռը: Հուսով եմ` վարչապետը ճիշտ է»,- ասաց պատգամավորի թեկնածուն:

Դիմելով մարզպետին, համայնքապետերին, որոնք ուղղորդում են ընտրողներին, Զոհրաբյանն ասաց, որ նրանց ժամանակն անցել է: «Ովքեր ստրկամտորեն ծառայել են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կարծում են, թե նույն ներքին ստրկամտությամբ պարտավոր են ծառայել նոր իշխանությանը: Բոլոր այդ մարդիկ պետք է հեռանան, որովհետև  իրավունք չունեն զբաղեցնելու պաշտոն: Ձեր ներսում նստած է ստրուկը: Ը ընտրությունների ավարտին դեռ ժամանակ կա, և ես խնդրում եմ` դադարեցրեք պրեսինգը ընտրողների վրա»,- հայտարարեց նա: