Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Քվեարկությանը նախորդող, ինչպես ընդունված է ասել՝ «լռության օրը» քարոզարշավի «ճտերը հաշվելու» ամենից հարմար պահն է, թերեւս: Հետո արդեն ուրիշ հաշվումներ են լինելու՝ քվեների, ձայների, տոկոսների, ապա՝ մանդատների:
Այս հրապարակման մեջ չկան ընտրություններին մասնակցող 11 ուժերից որեւէ մեկի օգտին կամ դեմ քվեարկելու կոչեր, ավելին՝ որեւէ համամասնական կամ ռեյտինգային պետգամավորության թեկնածուի օգտին կամ դեմ կոչեր եւս չեք գտնի, ուստի մեր ասելիքը չի կարող ընկալվել որպես «լռության օրվա» կամ խաղի կանոնների խախտում:
Փոխարենը, առաջարկում ենք հարցադրումներ ու դիտարկումներ, որոնք պետք է որ մղեն եւս մեկ անգամ խորհելու, խորհրդածելու՝ կիրակի օրը՝ դեկտեմբերի 9-ին քվեարկությամբ պետության կառավարման գործընթացին մասնակցելուց առաջ:
Շատերը, ինչ խոսք, նկատեցին կամ արձանագրեցին, որ ԱԺ արտահերթ ընտրությունների այս՝ արդեն ավարտված քարոզարշավն առանձնացավ ընդգծված հակաքարոզչական կոչերով, հայտարարություններով, շեշտադրումներով: Դա ընդհանուր հասարակական-քաղաքական կյանքի, ներքաղաքական հարաբերությունների մասին լավ բան չի վկայում:
Եթե չասենք, որ մտահոգության լրացուցիչ առիթներ է տալիս՝ հասարակական-քաղաքական հարաբերությունների ու զարգացումների, դրանց որակական հեռանկարի տեսանկյունից: Քաղաքական բեւեռացումը ավելի լավ բան չէ, քան սոցիալական բեւեռացումը:
Ըստ այդմ, չնայած ընտրությանը մասնակցող բոլոր ուժերն էլ, լինեն դաշինք, թե կուսակցություն, ունեն ծրագրեր, խոստումների ու անելիքների թվարկված, գրանցված, քարոզչապաստառված կետեր, թեզեր, մոտեցումներ:
Ունեն: Բայց ծրագրային, գաղափարական-քաղաքական մոտեցումների, առաջարկած լուծումների ու դրանց հիմնավորվածության, իրատեսական կամ հակառակը լինելու, մեր կյանքի ու տնտեսության, ազգային խնդիրների, ներքին ու արտաքին էական հարցերի լուծման տարբերակների շուրջ անցած 10-12 օրվա ընթացքում լուրջ եւ ընկալելի խոսակցություն, ընդհանուր առմամբ, տեղի չունեցավ: Էլ չենք ասում՝ լուրջ բանավեճ տեղի չունեցավ նման բովանդակային ընդգրկմամբ, որքան էլ որ առաջին անգամ ուղիղ եթերում հեռուստատեսային բազմա-բանավեճ արձանագրվեց:
Մեր ասածի շեշտը բովանդակային, համակողմանի քննարկման, գնահատականների ու առաջարկությունների ներկայացման, դրանք վերլուծելու, փաստարկ-հակափաստարկներով դիրքորոշումները համոզիչ ներկայացնելու մասին է:
Այո, ծրագրեր բոլորն էլ ունեն: Բայց ընդհանուր քարոզարշավում տոն տվեց ոչ թե այդ ծրագրերն ու դրանց առավելությունները ներկայացնելը, այլ, ինչպես ասացինք ու ինչպես բոլորս տեսանք, հակաքարոզչությունն էր հիմնական մարտավարությունը, ծավալային առումով մյուս բոլոր անդրադարձումները բազմապատիկ գերազանցող դրսեւորումը:
Հարկավ, նախընտրական քարոզարշավը իր խնդիրները, նպատակներն ու արտահայտչաձեւերն ունի, այսինքն՝ գիտակների ակադեմիական քննարկում կամ սիմպոզիում չէ: Բայց երբ տիրապետող է հակաքարոզչական մարտավարությունը, այլեւայլ դրսեւորումներով հանդերձ, երբ հանրային, պայմանականորեն ընդհանուր տարածք համարվող սոցցանցերում նպատակաուղղված հայհոյախոսություն, անեծք է լցվում կամ նման՝ ողջամիտ ու հավասարակշռված մարդկանց վանող դրսեւորումներն են տիրապետում, ապա դա չի կարող չանհանգստացնել:
Չի կարող չանհանգստացնել ընդհանուր ընթացքի ու արդյունքների առումով, անկախ մեզանից յուրաքանչյուրի քաղաքական համակրանքներից-հակակրանքներից, քաղաքականացված կամ ապաքաղաքական լինելուց:
Ի լրումն, անհանգստությունդ սաստկանում է, երբ տեսնում ես, որ հասարակության մեջ կա քաղաքական այս կարեւոր իրադարձության բովանդակության խեղաթյուրված այնպիսի ընկալում, թե՝ դեկտեմբերի 9-ին պետության ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու:
Ո՛չ, դեկտեմբերի 9-ին տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Խորհրդարանակա՛ն: Ի դեպ, անկախության վերականգնումից ի վեր, առաջին անգամ է, որ խորհրդարանն արտահերթ ընտրություններով է ձեւավորվելու: Ձեւավորվելու է ժողովրդի ներկայացուցչական մարմինը, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը, ինչպես դա հստակ ամրագրված է սահմանադրության մեջ:
Շատ ավելի տեղին եւ օգտակար կլիներ, եթե քաղաքական ուժերն իրենց ունկնդրող հանրությանը նաեւ այդ պարզ իրողությունները բացատրեին: Բայց դե, քարոզ-հակաքարոզը, իհարկե, իրենց համար ավելի առաջնային էր:
Այնպես որ, դեկտեմբերի 9-ին նշանակված քվեարկությամբ Հայաստանի քաղաքացիները ձեւավորելու են իրենց ներկայացուցչական մարմինը, իրենց տված քվեներով որոշելու են այդ մարմնի կազմը: Ու այդ կազմն էլ, այսպես ասենք, միատարր չի կարող լինել, ըստ սահմանման: Այսինքն՝ օրենսդիր իշխանության իրականացմանը մասնակցելու են խորհրդարան անցած բոլոր ուժերը, անկախ նրանից, թե որը կլինի մեծամասնություն (իշխանություն), եւ որը՝ ընդդիմություն:
Այո, ԱԺ անցած ուժերը, հասկանալի է, առաջին հերթին՝ մեծամասնությունը, պետք է առաջադրի վարչապետի, այսպես ասենք՝ պետության ղեկավարի իր թեկնածուն: Բայց մենք՝ քաղաքացիներս, ընտրելու ենք կամ ընտրություններով ձեւավորում ենք մեր ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, որը «վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ»: Այսինքն՝ ձեւավորվելիք Ազգային ժողովը կոչված է վերահսկողություն իրականացնելու այն անձանց, այն պաշտոնյաների նկատմամբ, ում սովորաբար ընդունված է համարել պետության ղեկավարներ:
Ի վերջո, արժե նաեւ թեթեւակի հիշեցնել այս արտահերթ ընտրությունների անհրաժեշտության հիմնական քաղաքական պատճառը: Ապրիլ-մայիսյան ցնցումային զարգացումների եւ արտահերթ իշխանափոխությունից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ պետության օրենսդիր իշխանության կազմը, ժողովրդի ներկայացուցչական մարմինը չէր համապատասխանում հասարակության մեջ եղած տրամադրություններին, քաղաքական ուժերի ազդեցությանը:
Այսինքն՝ խորհրդարանում եղած ուժերի հարաբերակցությունը չէր համապատասխանում ստեղծված իրավիճակում առկա փաստացի հարաբերակցությանը:
Տվյալ դեպքում, եթե նպատակը լիներ ամրագրել այդ տրամադրությունները, ապա արտահերթ ընտրություններն էլ արտահերթ արագորեն պետք է տեղի ունենային դեռեւս մայիս-հունիսին: Բայց այդ տարբերակը այն ժամանակ չընդունվեց: Նախապես ընտրվեց եկող տարվա գարնանն արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու մոտեցումը, հետո հընթացս դա էլ վերանայվեց եւ ունենք այն պատկերը, ինչ ունենք:
Էականը. դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք ընտրությամբ ձեւավորվելու է խորհրդարանի այնպիսի պատկեր, ուժերի այնպիսի հարաբերակցություն, ինչպիսի տրամադրություններ առկա են ա՛յս հատվածում, սրքան էլ փորձ արվի դեկտեմբերին արձանագրել ամիսներ առաջ եղած տրամադրությունները: Ի վերջո, պետք է կարողանալ նաեւ դրա հետ հաշվի նստել, որքան էլ մեծ լինի գայթակղությունը՝ շարունակ «պտտեցնելու» ինչ-որ ժամանակահատվածում գրանցված ձեռնտու տրամադրությունները:
Ու առհասարակ, այդ «տրամադրություններ» ասվածը տատանողական երեւույթ է՝ կախված գործերից, դրանց արդյունքներից ու դրանց մատուցումից, ըստ այդմ՝ ժամանակի մեջ շարունակաբար փոփոխվում է, երբեմն շատ ավելի հաճախ, քան 5 տարին մեկ, ինչի ցայտուն վկայությունն է առաջիկա արտահերթ ԱԺ ընտրությունը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։