կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-04 11:19
Քաղաքական

Այս քարոզարշավում, վստահաբար, Արցախի հարցը շահարկվում է. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ վարկանիշային ցուցակով Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Գեղամ Մանուկյանը «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում խոսել է Արցախի խնդրի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշման մասին:

Հարցին` արդյո՞ք քարոզարշավում չի շահարկվում Արցախի հարցը, նա պատասխանել է. «Վստահաբար Արցախի հարցը շահարկվում է, էլ շահարկվելը ո՞նց է լինում, երբ պետության բարձրագույն ղեկավարներից մեկը հայտարարում է` ով էս հարցում հակառակը խոսի, ԱԱԾ-ն ու ռազմական հետախուզությունը կզբաղվի նրանով: Շահարկում է, երբ մարդու բարձրացրած մտահոգություններն ես  համարում շահարկում»:

Գեղամ Մանուկյանի խոսքով` անհասկանալի է ձևակերպումը, թե Արցախի խնդրի կարգավորման հարցում ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կլինի: «Էդպես չէ, պետք է ունենաս դիրքորոշում, հստակ վերջակետ ու համոզես ժողովրդին, ոչ թե ասես` ժողովուրդը պետք է որոշի»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ Արցախի խնդրի վերաբերյալ փոթորիկ չեղավ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը խոսեց յոթ շրջան տալու մասին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Հակառակը` այդ փոթորիկը այն ժամանակ կար բոլորի շուրթերին»:

Իսկ ինչո՞ւ  Դաշնակցությունը չշարունակեց համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, այս հարցին ի պատասխան` նա նշեց, որ նախ` Նիկոլ Փաշինյանի առաջարկով էր, որ դաշնակցական նախարարները  քրտնաջան աշխատեցին կառավարության ծրագրի վրա, սակայն եկավ մի պահ, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանը սկսեց բանակցել ՀՀԿ-ի հետ:

«Հիմնարկ եմ ղեկավարում արդեն 14 տարի: Երբեք թույլ չեմ տվել ինձ իմ նախկին աշխատակցի վերաբերյալ որևէ վատ բան ասել: Արծվիկ Մինասյանն ու Արթուր Խաչատրյանը 5-6 ամիս աշխատել էին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում, մի՞թե կարելի էր այդ մարդկային հարաբերությունները ոտնատակ տալ` հրապարակում նրանց անունները հայտարարելով ու որոշում ստորագրելով»,- ասաց Գեղամ Մանուկյանը: