կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-29 14:37
Քաղաքական

Երբ հարցն անվտանգությանն է վերաբերում չենք կարող լռել

Մերժածին մերժելու, նույն բաները կրկնելու վիճակից պետք է դուրս գանք, առավել ևս, որ այդ ամենը համեմվում է «տղայական» բառապաշարով: Այս մասին քարոզարշավ իրականացնելիս Tert.am-ի հետ զրույցում ասաց արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

«Եթե սա այսպես շարունակվի, վերջում կդառնա փողոցային լեզվակռիվ և կրքերը բորբորոքվելու են այն աստիճանի, որ իսկապես դա անհարիր է այն նշանակության ընտրություններին, որի մասին մենք խոսում ենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հրանտ Մարգարյանի և Նիկոլ Փաշինյանի փոխադարձ մեղադրանքներին, ապա Արմեն Ռուստամյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հասարակական կարծիքի մանիպուլացիա է կատարվում մեր կողմից, բայց ամենամեծ մանիպուլացիան հենց իր կողմից է կատարվում, երբ գլխիվայր շուռ տալով է ներկայացնում Հրանտ Մարգարյանի ասածը: Իսկ Հրանտ Մարգարյանի ասածը պարզագույն ճշմարտություն է, որ պետք չէ թալանչի համարել նրանց, ովքեր կարևորում են ազատամարտը»: Նա Նիկոլ Փաշինյանին կոչ արեց, որ եթե մտքում ինչ-որ կոնկրետ մարդ կա, ապա ուղիղ հասցեով ասի:

Արմեն Ռուստամյանն ամեն դեպքում կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին ինֆորմացիան սխալ է փոխանցվել:

Նա նշեց, որ անվտանգության հետ կապված խնդիրների հարցում չեն կարող լռել:

Ըստ նրա, եթե այդ ամենը համարում են, որ սա Ադրբեջանի աչքերում թույլ ներկայանալու հարց է, ապա Ադրբեջանը այդ հայտարարություններով չէ, որ տիրապետում է իրավիճակին: «Երբ իրենք են խոսում, ասում են՝ «տռուսիկ-մայկա չունեն հագնելու», ուտելու բան չունեն, սրանով չենք ասո՞ւմ, որ թուլացած բանակ ունենք, եկեք հարձակվեք»,-նկատեց նա և ավելացրեց, որ իրենք միայն ուրախ կլինեն, որ թալանը բացահայտվի:

Նա նշեց, որ ՀՅԴ-ն թալանին չի մասնակցել, այլապես դաշնակցական մի որևէ օլիգարխի անուն կտային, մենաշնորհ ունեցողի կնշեին: «Բա որ այդքան մենք իրենց հետ ենք եղել, որեմն յուրային չենք եղել չէ՞ իրենց մոտ, որ որևէ դաշնակցականի անուն չեն կարող տալ»,-ասաց նա:

Նա նշեց, որ այս մթնոլորտը` «պատեր ծեփել», «վզներից բռնած շպրտել», թաց ու չորը խառնելը, այս հայտարարությունները չեն նպաստում բանակի մարտունակությանը: «Բավական է ամպագոռգոռ և մերկապարանոց հայտարարություններ անել, եթե բան կա, կոնկրետացրեք, մարդուն պատժեք»,-ասաց նա:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ հասարակությանը «գունավորել» պետք չէ և դա լավ տեղ չի տանելու: Նա համոզմունք հայտնեց, որ լինելու են Ազգային ժողովում: «Բայց համոզմունք ունենք նաև, որ անկախ ամեն ինչից, ով ուզենա, թե չուզենա, պարտավոր է հաշվի նստել Դաշնակցության գոյության հետ և Դաշնակցությունը շարունակելու է ապրել: Հսկայակական մարտահրավերներ և վտանգներ կան, այս ամենը խոսելու փոխարեն իրար են «ուտում»: Այս գզվռտոցը միայն պարարտ հող է ստեղծում թշնամու համար»,-ասաց նա: