Փոխարժեքներ
11 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.73 |
EUR | ⚊ | € 428.64 |
RUB | ⚊ | ₽ 4.4768 |
GBP | ⚊ | £ 510.03 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Աշխարհի հայկական եկեղեցիների միացյալ ներկայացուցիչները միասնաբար դիմել են աշխարհի քրիստոնյաներին՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու հրատապ կոչով:
Տարածված հայտարարությունում շեշտվում է, որ այս շարունակական կալանքը մարդկային պարկեշտության և քրիստոնեական կարեկցանքի բոլոր սկզբունքների ոտնահարում է։
«Հանուն մեր ընդհանուր հավատքի մենք այլևս չենք կարող լռել: Հիմա գործելու ժամանակն է: Գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը հակասում է մեր հավատքի բուն էությանը: Պետք է վերջ դնել նրանց հանդեպ բռնությանը, տառապանքին ու զրկանքներին»,- նշված է կոչում, որը ստորագրել են ավելի քան 100 հոգևորականներ:
Նրանք ընդգծել են, որ իրավիճակի լրջությունը հասկանալը չափազանց կարևոր է, քանի որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է. ամեն հաջորդող օրը չափազանց ծայրահեղ է դարձնում իրավիճակը:
Ըստ հոգևորականների` տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ հայեր, ադրբեջանցիներ, ցանկացած այլ ազգություն, արժանի են խաղաղության, իսկ այն կառուցվում է արդարության հենքի վրա։ Նրանք հավատում են, որ հայ գերիներին ազատ արձակելը կարող է նոր էջ բացել, որտեղ առողջացումը կփոխարինի ատելությանը, և խաղաղությունը կլինի ոչ թե պարզապես երազանք, այլ իրականություն:
Աշխարհի տարբեր երկրների հայ հոգևորականները կառավարություններին, միջազգային կազմակերպություններին կոչ են արել դատապարտել այս ցուցադրական դատավարությունը՝ որպես քաղաքական և ոչ լեգիտիմ, ճնշում գործադրել գերիներին ազատ արձակելու համար։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: