Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրությունների ավարտից հետո ամենաինտրիգային հարցը, որ ծագելու է իշխանության և հանրության համար, Ազգային ժողովի նախագահի թեկնածուի հարցն է: Դեռևս ընտրություններից առաջ խոսակցություններ կային, որ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունում 4 անուն է քննարկվում. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի և ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի թեկնածությունները:
Նախնական տեղեկություններով՝ ամենահավանական թեկնածուն Արարատ Միրզոյանն է, որին ԱԺ նախագահ նշանակելով՝ Նիկոլ Փաշինյանը միանգամից երկու նապաստակ է խփում, մեկն այն է, որ ազատվում է իրեն չարդարացրած առաջին փոխվարչապետից, որն իր հավատարիմ զինակիցներից է և չի կարող համարժեք պաշտոն չստանալ: Մյուսն այն է, որ հնարավորինս անցնցում լուծում է ԱԺ ղեկավարի հարցը, որը հնազանդորեն կծառայի իրեն:
Արայիկ Հարությունյանի պարագայում, ասում են, կան կոնկրետ խոչընդոտներ: Մասնավորապես՝ ինչ-որ կոմպրոմատ, որն ընդդիմությունը կդնի շրջանառության մեջ, եթե պարզվի, որ ՔՊ թեկնածուն ինքն է, ուստի, որպեսզի կոմպրոմատը «չաշխատի», որոշել են հրաժարվել վերջինիս թեկնածությունն առաջ մղելու մտքից:
Լենա Նազարյանի դեպքում խնդիրն այն է, որ նրա ամուսնու՝ Նարեկ Բաբայանի հարցն է նաև դրված: Նա ցուցակի 38-րդ համարն է, զբաղեցնում է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, բայց, ըստ ամենայնի, նրա աշխատանքից դժգոհություններ կան, ուստի հնարավոր է, որ նա տեղափոխվի ԱԺ, իսկ կինը՝ հեղափոխության ակտիվ մասնակից Լենա Նազարյանը՝ կառավարություն:
Կարելի է ենթադրել, որ դա կարող է լինել կամ փոխվարչապետի, կամ առնվազն նախարարի կարգավիճակով:
Ալեն Սիմոնյանի դեպքում թեև արտաքուստ խանգարող հանգամանքներ չկան, սակայն նրա նկատմամբ ՔՊ վարչությունում խանդ կա և որոշակի նեգատիվ վերաբերմունք, ինչն արտահայտվեց Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ: Ալեն Սիմոնյանի հանդեպ ակնհայտորեն վերապահումներ ունի նաև Նիկոլ Փաշինյանը, ուստի քիչ հավանական է, որ նա զբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը:
Սակայն ամենաուշագրավն այն է, որ Փաշինյանը որոշելու է խաղաքարտերը մինչև վերջին պահը չբացել՝ դրանով իսկ անորոշ և անառողջ մրցակցային մթնոլորտ ստեղծելով կուսակցությունում, որտեղ ձայներ տանելու դաժան մրցապայքար է սկսվել: Ոմանց թվում է, թե ռեյտինգային ընտրակարգով տարած քվեների հիման վրա է կատարվելու ապագա պաշտոնաբաշխումը, ուստի այս օրերին քափ-քրտինթ մտած՝ ընտրաձայներ են հավաքում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: