կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-03 18:30
Քաղաքական

Ալիևի հետ օպերատիվ կապ դեռ չի հաստատվել. Փաշինյան

Ալիևի հետ օպերատիվ կապ դեռ չի հաստատվել. Փաշինյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ԱԺ հարցուպատասխանի ժամին հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նախ ասաց, որ եթե վարչապետն ուզում է զբաղվել օրինախախտումներով և սպառնում է օրենքով, ինքն էլ՝ որպես ԱԺ պատգամավոր, խնդրում է Փաշինյանին, որպեսզի, որպես վարչապետ և որպես տղամարդ, զբաղվի ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հետ երեկ տեղի ունեցած դեպքով: Աշոտյանը հայտնեց, որ մամուլն այսօր գրել է այդ մասին: «Եթե խոսում ենք արդարության և արդարության գերակայության մասին, ապա այն պետք է լինի բոլորի համար, և ես ակնկալում եմ, որպեսզի կառավարությունը, ուժայինները, որոնք Ձեզ լսում են ցանկացած հարթակից, ստանան հանձնարարական՝ պարզելու մեր գործընկերոջ հանդեպ տեղի ունեցածի հանգամանքները, մեղավոր անձանց, հայտնաբերեն նաև ավտոմեքենաներ վնասած քաղաքացիներին, քանի որ եթե Ձեզ չեն զեկուցել, իմացեք, որ երեկ բազմաթիվ ավտոմեքենաներ են վնասվել: Ես խնդրում եմ երեկվա արտառոց իրավիճակի հետ կապված հանգամանքների պարզաբանումներն անել` անկախ քաղաքական ճամբարի պատկանելությունից»,- ասաց պատգամավորը:

Աշոտյանը նշեց նաև, որ ՀՀԿ-ի հայտարարության մեջ, որը շուտով կտարածվի, երեկվա խոսակցության ամփոփ գնահատականը տրված է: «Պարո'ն Փաշինյան, ուզում եմ Ձեզ հիշեցնել հենց Ձեր խոսքերը.  երեկ նշեցիք, որ եթե ճիշտ եք հասկացել երեկվա խոսակցության որոշ նրբություններ, եթե` չէ, ապա ՀՀԿ-ականները կամ մնացած քաղաքական ուժերը թող շտկեն: Այսօր բոլոր քաղաքական ուժերը Ձեր ասածի հիման վրա՝ ի շարունակություն, ի լրումն և երբեմն նաև ի հակադրություն, հայտնել են իրենց տեսակետները: Այստեղ որևէ արտառոց բան չկա, նման բան անգամ Դուք եք կանխատեսել երեկվա` ձեր խոսքում»:

Պատգամավորը հավելեց, որ երեկ հայտարարությունների ժամին ինքը բարձրացրեց Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների խնդիրը և ուզում է իմանալ՝ արդյո՞ք հաստատվել է այն օպերատիվ կապը, որի մասին վարչապետը խոսում էր Դուշանբեից վերադառնալուց հետո, և արդյո՞ք հասցրել է ճշտել այս պահի դրությամբ Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների, մասնավորապես՝ Բերդավանի բնակչի՝ Կարենի ճակատագրի հետ կապված որևէ նորություն:

Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ տեղյակ չէ Ռուզան Առաքելյանի հետ կապված միջադեպից ու կհետաքրքրվի, և, ընդհանրապես, եթե երեկվա հետ կապված կան խնդիրներ, իրավապահ մարմինները կզբաղվեն:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապին՝ այս պահի դրությամբ այն դեռ հաստատված չէ: «Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, և ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի երկայնքով իրավիճակն անհամեմատ ավելի հանդարտ է: Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված էլ կառավարությունն ունի ամփոփ տեղեկանք, ինչը կարող ենք փոխանցել ձեզ, որպեսզի այդ հարցերի պատասխանները ստանաք»,- ասաց  Փաշինյանը:

Աշոտյանը հետաքրքրվեց նաև` արդյո՞ք Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում անդամության հետ կապված կա որոշակի գործընթաց, և ինչպիսի՞ն է ՀՀ տեսակետը դրա վերաբերյալ: Բացի այդ՝ ՀՀԿ փոխնախագահը հարցրեց` նորություններ կա՞ն Սիրիայում հայկական զորախմբի տեղակայման գործընթացի իրավական կազմակերպման հետ կապված:

Փաշինյանը պատասխանեցվ, որ Սիրիայում զորախումբ չի տեղակայվում, այլ տեղակայվում է հումանիտար` ականազերծման և բժշկական առաքելություն, ինչն ընթացքի մեջ է:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի` ՀԱՊԿ-ում որպես դիտորդ կամ այլ կարգավիճակով ներգրավվելուն, ապա այդպիսի որևէ պաշտոնական գործընթաց չկա: «Այդ մասին կան հրապարակումներ, խոսակցություններ: Սրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է, և ես այդ դիրքորոշումը մի քանի անգամ հրապարակել եմ: Դուք գիտեք, որ նման հարցերը լուծվում են կոնսենսուսով, և, բնականաբար, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում և հարաբերությունների պայմաններում անիմաստ է նույնիսկ այդ հարցի վերաբերյալ խոսելը: Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը, ընդ որում՝ ոչ թե կարճաժամկետ, այլ առհասարակ, դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ դիտորդ»,- ասաց վարչապետը: