կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-14 14:47
Հասարակություն

«Մեզ այսքան ժամանակ ոչ ոք մարդատեղ չի դրել». Միքայել Մանուկյանը սպայական հանրակացարան էր այցելել (լուսանկարներ)

«Մեզ այսքան ժամանակ ոչ ոք մարդատեղ չի դրել». Միքայել Մանուկյանը սպայական հանրակացարան էր այցելել (լուսանկարներ)

Նուբարաշենի 6-րդ փողոցի սպայական հանրակացարանում ապրում է 9 ընտանիք: Նրանց է այցելել ՀՅԴ ցուցակով քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը` իր թիմի հետ:

Հանրակացարանի բնակիչներից Անահիտ Սարգսյանը, նախքան խնդիրները պատմելը, շտապեց հայտնել, որ 25 տարի է` այս շենքում են ապրում, բայց դեռ որևէ պաշտոնյա, նույնիսկ թեկնածու իրենց չի այցելել: «Մեզ մարդու տեղ չեն դնում»,- ասաց նա, ապա խոսեց շենքի անմիխիթար վիճակից:

Միքայել Մանուկյանը նշեց, որ անզեն աչքով էլ տեսանելի է շենքի անմխիթար վիճակը:

Հյուրերին բնակիչները հրավիրեցին  ներս` ծանոթանալու իրենց բնակության վայրի պայմաններին:

«Ոչ մի բան չեն անում, գրավոր դիմում ենք, բանավոր պատասխանում են` հովանավոր ճարեք»,- ասաց բնակիչներից Վաչագան Ղուկասյանը և հավելեց. «Առաջին մարդն եք, որ մեզնով հետաքրքրվում է: Մեզ «բոմժ» են ասում»:

Մեկ այլ բնակիչ էլ հավելեց. «Բա այդ տպավորությունն է: Բնակարանները ճիշտ է` քանդվելու եզրին են, բայց տեսաք, թե ինչքան մաքուր է»:

Նրանք նշեցին, որ անձրևի ժամանակ տանը գտնվես, թե` դրսում, նույն բանն է:  

Բնակիչների խնդիրները լսելուց, նրանց բնակարանների վիճակին ծանոթանալուց հետո Մանուկյանը խոստացավ, որ, անկախ նրանից`ընտրություններում ինչ արդյունք կգրանցվի, այդ մարդկանց անպայման օգնելու են: Նա առաջարկեց մարդկանց խնդրի լուծման տարբերակներից մեկը: «Եթե պետությունը, քաղաքապետարանը կամ համայնքը շինարարություն իրականացնող ընկերության հետ պայմանագիր կնքի, գումարը նախապես կամ մաս-մաս վճարի մինչև այն ժամանակ, երբ կառուցապատողն արդեն վաճառքից կկարողանա եկամուտ ստանալ,  և համայնքապետարանի գումարն այլևս պետք չլինի իրեն, այս մարդկանց կտեղավորի բնակարաններում, մնացածներն էլ կվաճառի ու շահույթ կապահովի իրեն»,- ասաց Մանուկյանը: