Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն առաջնային նշանակություն ունեն մեր պետության համար` անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժն է իշխանությունը. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Ըստ նրա` կան խնդիրներ, որոնց լուծումը կարևոր է իշխանության և ժողովրդի համար: «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք տեղ գտած իրողությունների վերաբերյալ, նաև հուսով ենք, որ այն բոլոր գործողությունները, որոնք մեր իշխանությունների կողմից ձեռնարկվում են կամ կձեռնարկվեն, կբխեն ՀՀ ազգային պետական շահերից»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ ցանկանում է, որ ՀՀ նոր իշխանություններն առաջնորդվեն երկրի պետական շահերով, իսկ դա ենթադրում է Հայաստանի արտաքին քաղաքականության նախորդ ուղեգծի շարունակություն, բայց շարունակություն, որը միս ու արյուն է ստացել և չի մնացել հայտարարությունների մակարդակում: Ֆարմանյանը հույս հայտնեց, որ հայ-ռուսական հարաբերություններում կվերանան խութերն ու բացերը:
Հարցին` Փաշինյան-Պուտին հանդիպումն իր նշած բացերն ու խութերը կհարթի՞, պատգամավորը պատասխանեց, որ ինքն առանձին հանդիպումներով չէ, որ պայմանավորում է երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավումը: «Այս խնդիրների հարթեցումը շատ ավելի համակողմանի գործընթաց է, և Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին վերաբերող ցանկացած որոշում կայացնելուց առաջ պետք է լավ ծանրութեթև անել»,- նշեց նա:
Դիտարկմանն էլ` ՀՀ իշխանություններն ասում են, թե Հայաստանն արդեն հավասարը հավասարի հետ է բանակցում Ռուսաստանի հետ, ի տարբերություն նախորդների, Ֆարմանյանը պատասխանեց, որ ինչպիսին էլ լինեն մեր ցանկությունները, միջազգային հարաբերություններն ունեն իրենց անխախտ կանոնները:
«Եթե դուք կարծում եք` միջազգային հարաբերություններում ՀՀ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մոնտեներգոն և Նեպալն ունեն նույն հարաբերությունները, դա նշանակում է, որ մենք առնվազն ծանոթ չենք միջազգային հարաբերություններին: Այլ բան, որ ցանկացած պետություն մշակում և իրականացնում է իր արտաքին քաղաքականությունը, ուղղորդվում է իր շահերով: ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ խնդիրը շատ պարզ է` այդ հարաբերությունների խորացումը բխում է թե' ՀՀ-ի, թե' ՌԴ-ի շահերից»,- եզրափակեց պատգամավորը: