Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու պատգամավորների 1/3-րդից ավելին արդեն ստորագրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու փաստաթուղթ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` նշելով, փաստաթուղթը ստորագրել են հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորներ:
Նա նշեց, որ ստորագրահավաքը դեռ շարունակվում է, և Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացրած պատգամավորների վերջնական թվի մասին իրենք հավելյալ կտեղեկացնեն:
Ստորագրահավաքը նախաձեռնել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը։
Ի դեպ, Քոչարյանի փաստաբանները երկրորդ նախագահի կալանքի դեմ բողոքը ՀՀ վերաքննիչ դատարան են ներկայացնելու այսօր:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 8 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։
Հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով, որպես վկա, հարցաքննվելու: Ավելի ուշ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է: