Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում:
Օրվա առիթով ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքչյանը:
«Հ.Մ.Ը.Մ.-ի հիմնադրման 100-ամյակը հուշում է այս ծավալուն կազմակերպության` Հայաստանի Հանրապետության տարեկից լինելը: Պատմական իրադրությունների բերումով, սակայն, Հ.Մ.Ը.Մ.-ն առավելաբար իր աշխատանքները ծավալեց սփյուռքյան տարածքում, հատկապես` Ցեղասպանությունը վերապրած սերունդների մարմնակրթական և սկաուտական կազմավորման առաքելությունն ստանձնելով: Սփյուռքյան ամբողջ գործունեության գաղափարական առանցքը Հ.Մ.Ը.Մ.-ի համար շարունակեց հանդիսանալ Մայիս 28-ով խորհրդանշված պետականության վերակերտումը, Հայրենիքի վերանկախացումը և հայ մարդու` իր Հայրենիքի մեջ ազատ ապրելու իրավունքի վերատիրացումը: Տասնյակհազարավոր միութենականների, մարզիկների և սկաուտների իրավահաջորդ սերունդներ, փաստորեն, Սփյուռքում սովորեցին պատիվ տալ հայոց եռագույնին, հայոց անկախ պետականության խորհրդանիշ զինանշանին և քայլերգին: Ահա թե ինչու ամեն բանից առաջ Հայաստանի Հանրապետության 100-ամյակին վեր պետք է առնել ՀՀ վերակերտման համար աշխատած, դաստիարակած և դաստիարակված, տասնյակհազարավոր իրավահաջորդ սերունդներ Մայիս 28-ի շունչով կազմավորած Հ.Մ.Ը.Մ.-ի այս առաքելության իրագործման փաստը: Մենք շատ սերունդներ կորցրած կլինեինք, եթե Հ.Մ.Ը.Մ.-ն կատարած չլիներ իր այս առաքելությունը: Պահն է` արդարորեն Հ.Մ.Ը.Մ.-ին տալու 70 տարի Եռագույնն ու հայոց անկախ պետականության խորհրդանիշները համաժողովրդային մակարդակով պահպանած և գուրգուրած լինելու գնահատականը:
Երբ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պաշտոնապես հայտարարում էր, որ Մայիս 28-ի պատմական իրագործումը Դաշնակցության սեփաանությունը չէ, այլ պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, Հ.Մ.Ը.Մ.-ն էր, որ հաջողեց այդ արժեքները ժողովրդականացնել ու դարձնել զանգվածային և արմատավորել այն միտքը, որ, այո, իրոք, Մայիս 28-ն ու Հայաստանի Հանրապետության կերտումը, Սարդարապատն ու Մայիսյան հաղթանակները պատկանում են ամբողջ հայության: Մենք` բոլորս, գիտակից ենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության գաղափարական առաջադրանքները ժողովրդային դարձնողը, հազարավոր պատանիներ և երիտասարդներ համախմբողը, սկաուտական և մարզական դաստիարակությամբ ազգային ու մարդկային արժեքներ փոխանցողը, ազնիվ հայ ու առողջ քաղաքացի պատրաստողը, մարդուժի պատրաստության հիմնական դարբնոցը Հ.Մ.Ը.Մ.-ն է` մեր ամենաբազմամարդ, ամենատարածված և ամենաժողովրդային ուղեկից կազմակերպությունը: Եվ պատահական չէ, անշուշտ, որ Դաշնակցության հայրենական վերընձյուղմանն առընթեր, հայրենադարձ եղավ նաև այս հսկա կազմակերպությունը, որ Հայրենիքում շատ արագ կայացավ և ծավալեց իր գործունեությունը:
Հ.Մ.Ը.Մ.-ն սփյուռքյան և հայրենական իր կառույցներով շատ արագ համահայկական դիմագիծ ապահովեց իր աշխատանքներում: Այսօր բոլորը կհաստատեն, որ մեր պետության կողմից նախաձեռնվող համահայկական խաղերի կառույցը, կազմակերպումը, խորքում, որպես օրինակ, ունեն Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական խաղերը: Այդ խաղերն ենք, որոնք համախմբում են թե' Հ.Մ.Ը.Մ.-ականին, թե' հայկական տարբեր միությունների անդամներին: Գաղափարական դաստիարակությունը Հ.Մ.Ը.Մ.-ի համար եղավ այնքան արմատավորված, որ համայն հայության հետ կապված ճակատագրական պահերին թե' սփյուռքահայ և թե' հայրենի Հ.Մ.Ը.Մ-ականները տարբեր մարտերի ընթացքում, սակայն միևնույն տեսլականի համար իրենց արյունը շաղախեցին արցախյան հողին և ապա` հանգչեցին կողք կողքի` Եռաբլուրում:
Այսօր միջազգային առումներով տագնապի մեջ է սկաուտությունը` կազմակերպված, կարգապահ կենցաղ ունեցող և վաղ հասակից դաստիարակության համար միութենական օրենքներով ղեկավարվող կազմակերպությունների քանակն ու դերակատարությունը նվազել է: Ձևափոխվում են նաև մարզական ակումբերի, խմբերի` երբեմնի կամավոր հիմունքով և նվիրումով ախոյանության մասնակցելու և այդպիսով ժողովրդին ծառայած լինելու իրականությունները: Սակայն, հակառակ այս բոլորին, այնքան ժամանակ քանի դեռ պահպանվում է քաղաքական ենթահողը, ձևափոխումները չեն կարող ազդել միությունների էության և հաջողության վրա: Եվ, ահավասիկ, Հ.Մ.Ը.Մ.-ը 100 տարուց ի վեր շարունակում է պատվով կատարել իր ստանձնած և իրեն վստահված առաքելությունը: Ժամանակի հետ քայլ պահելով` Հ.Մ.Ը.Մ.-ն թե' Հայրենիքում և թե' Սփյուռքում հաջողում է իր դրոշի տակ համախմբել հազարավորներ, նույն արժեքներով դաստիարակել նրանց և բոլորի ծառայությունն ապահովել ազգային այն արժեքներում, որոնց հավատում է ամբողջ 100-ամյակ: Հ.Մ.Ը.Մ.-ի նշանաբաններից «Միշտ պատրաստ»-ը այժմեական է հնչում: Այո, Հ.Մ.Ը.Մ.ն միշտ պատրաստ է ծառայելու հայության և Հայրենիքին»: