Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին, ՀՀ-ում ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին և ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղի մոտ ՌԴ զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները: ՀՀ պաշտպանության նախարարը պահանջել է ներկայացնել մանրամասն տեղեկատվություն տեղի ունեցածի կապակցությամբ:
ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարը զեկուցել է միջոցառման բնույթի, պլանավորման և իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, ըստ գնդապետ Ելկանովի զեկույցի՝ միջոցառումն ընդգրկված է եղել հայկական կողմի հետ նախապես համաձայնեցված, ՌԴ 102-րդ ռազմակայանի 2018թ. մարտական պարտաստության ծրագրում, որի վերաբերյալ բազայի հրամանատարությունը համապատասխան կարգով իրազեկել է ՀՀ իրավասու մարմիններին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:
Իր հերթին պարոն Դ.Տոնոյանը հորդորել է նմանատիպ հարցերում առավել սերտ և մանրակրկիտ աշխատանք իրականացնել թե ՀՀ պաշտպանության նախարարության և թե տեղական ինքնակառավարման մարմինների հետ և առավել մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական բնակչության հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը: