Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա անդրադարձավ վերջին աղմկահարույց գործերի վերաբերյալ հարցերին:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով հարցաքննության են կանչվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հետախուզման մեջ է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Նա բացակայում է երկրից և մեղադրվում է սահմանադրական կարգի խախտման մեջ:
Այլ հարցերի վերաբերյալ ՀՔԾ պետը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել` ասելով. «Այս պահին չեմ ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել ու մեր հետագա քայլերի մասին խոսել: Բոլոր քրեական գործերը, որոնք գտնվում են ՀՔԾ վարույթում, կհրապարակվեն տվյալների այն ծավալով, որոնք չեն վնասի նախաքննությանը»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը, լրագրողները հարցրեցին` արդյո՞ք հարցաքննվելու մասին ծանուցագիրը հասել է նրան: Նշենք, որ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասել էր, որ ծանուցագիր չեն ստացել: «Ծանուցագրի վերաբերյալ ինձ չպետք է հարցնեք, մենք այդ ծանուցագիրն ուղարկել ենք»,- պատասխանեց Խաչատրյանը:
Հարցին` արդյո՞ք հետախուզում կհայտարարվի Քոչարյանի նկատմամբ, քանի որ նա կանչվել է հարցաքննության, սակայն բացակայում է երկրից, ՀՔԾ պետը պատասխանեց. «Ես չեմ կարող գաղտնազերծել մեր գործողությունների հաջորդականությունը, դա քննչական տակտիկա է, որի մասին այս պահին չեմ ցանկանում բարձրաձայնել: Այս պահին Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա»:
Հարցին, թե մտավախություն չունի՞ իր և իր ընտանիքի անվտանգության համար, քանի որ Մարտի 1-ի գործն է ցանկանում բացահայտել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ չունի մտավախություն: «Եթե ամբողջ թիմն ազնիվ է, աշխատում է կոռուպցիան ու հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, ապա այդ թիմի մեկ անդամին վերացնելը չի կարող արդյունքի հանգեցնել: Դա իմ համոզմունքն է»,- ասաց Խաչատրյանը: