կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-26 14:31
Հասարակություն

Երեխաների շրջանում արձանագրվել են դիզենտերիայի դեպքեր

Երեխաների շրջանում արձանագրվել են դիզենտերիայի դեպքեր
Ամռան ամիսներին ամեն տարի արձանագրվում է աղիքային վարակներով պայմանավորված սեզոնային ակտվություն, ինչը մշտապես գտնվում է առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:
 
Վերջին օրերին Երևանի 2 բժշկական կազմակերպությունում նկատվել էր միանման գանգատներով երեխաների դիմելիության ակտիվություն: Կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները հաճախում են «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատություն:  
 
Երեխաների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Նրանց շրջանում նկատվել է լուծ, փսխում, բարձր ջերմություն, թուլություն: Ներկայումս հիվանդների մոտ նկատվում է առողջացման դրական տեղաշարժ, ստանում են համապատասխան բուժում: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 18 հիվանդ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 9 երեխայի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ (շիգելա զոնե): Թիվը կարող է փոխվել՝ կապված ընթացիկ հետազոտությունների արդյունքների հետ: 
 
Վարակի աղբյուրի, ինչպես նաև պատճառահետևանքային կապի բացահայտման նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատությունում, առողջապահության նախարարության (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն), ինչպես  նաև կառավարության ենթակա սննդամթերքի անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների համատեղ ուժերով իրականացվել են հետազոտություններ կոնտակտավորների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում, ուսումնասիրվել են երեխաների կեցության պայմանները: Կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են սանիտարական նորմերի և հիգիենիկ կանոնների կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ խոհանոցում, ինչն էլ պատճառ է դարձել երեխաներին տրամադրվող սննդի երկրորդային աղտոտման: Խախտումների վերացման եւ վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով  «Գուլիվեր» նախադպրոցական հաստատության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:
 
Շեշտենք, որ մտահոգությունները, թե վարակի հիմքում կարող է լինել ջրի որակական խնդիրը, հիմնավոր չեն, ինչը փաստում են լաբորատոր հետազոտությունները: 
 
Պետական վերահսկողության շրջանակներում միջոցառումները շարունակվում են: 
 
Առողջապահության նախարարություն