Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում մեկնարկեց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման միջնորդության քննությունը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ` պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նրան որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելուն համաձայնություն տալու համար: ԱԺ-ն գաղտնի, փակ քվեարկությամբ համաձայնություն էր տվել, ինչից հետո նախաքննական մարմինը դիմել էր դատարան Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանավորումը կիրառելու համար:
Նշենք որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Նշենք, որ այս պահին նույն դատարանում մեկ այլ դատավորի կողմից քննվում է քրեական աշխարհում Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ ի միջնորդությունը: Հիշեցնենք, ոտ Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Վերը նշված հոդվածներով էլ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել: