Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախորդ տարիների համեմատ` Պահք պահողների թիվը նվազել է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Նրա խոսքով` սակայն, նվազմանը զուգահեռ, լրջացել է պահեցողության հանդեպ մարդկանց վերաբերմունքը: «Հիմա ավելի տեղյակ են, թե ինչպես պետք է Պահք պահեն, պահեցողությունն ավելի հասկացված է»,- նշեց քահանան:
Նա նշեց, որ ոգևորող է այն փաստը, որ Պահքի մեջ գտնվողների մեծ մասը երիտասարդներ են, ընդ որում` նախորդ տարիներին հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներն էին ավելի շատ այցելում եկեղեցի կամ Պահք պահում, իսկ այս տարի բազմաթիվ երիտասարդ տղաներ են Պահք պահել:
Տեր Հակոբը համոզված է, որ հոգևոր քարոզչական բուռն ընթացքն է օգնել մարդկանց իրենց մեղքերին գնահատական տալ, իրենց սխալներից հետո առաջացած հոգեվիճակի պատճառները հասկանալ: «Պահքը ներքին հոգևոր բնական պահանջ է: Պահքի մեջ մտնելով` մարդիկ փորձում են վերագնահատել, խաղաղվել ու մաքրվել որոշակի մեղքերից: Եթե ժամանակին ասում էին, թե` ի՞նչ իմաստ ունի Պահք պահել, քանի որ պահեցողության շրջանը մի տեսակ տխրության, թախծի շրջան է, հիմա այս գնահատականները քիչ են, քանի որ մարդիկ գիտակցում են, որ Պահքի մեջ մտնում են ինչ-որ սխալներից ազատվելու համար»,- նշեց նա:
Ըստ քահանայի` եթե որևէ մեկը պահեցողության ընթացքում արատավոր ինչ-որ սովորությունից հրաժարվում է, այդ մարդը ներքին ուրախություն է ապրում, այսինքն` Պահքի ընթացքը հնարավորություն է տալիս ներքին ուրախության: