կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-28 13:00
Առանց Կատեգորիա

«Զոն նայող»-ը կաշառք է տվել «Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց ու արտոնություններ ստացել

«Զոն նայող»-ը կաշառք է տվել «Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց ու արտոնություններ ստացել

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների, այդ թվում` առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ այսպես կոչված «զոն նայող» Արկադի Պապյանը, 2014թ.-ից պատիժ կրելով «Վանաձոր» ՔԿՀ-ում, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնարկում պատիժ կրող մեկ այլ դատապարտյալի հետ պարբերաբար տարբեր չափերի կաշառք է տվել ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց:

Այսպես, «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու համար Արկադի Պապյանն ու նույն հիմնարկում պատիժ կրող մեկ այլ դատապարտյալ Գ. Մկրտչյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել յուրաքանչյուր ամիս վերջինիս որպես կաշառք տալ 250.000-300.000 ՀՀ դրամ: Իրենց հանցավոր նպատակներն իրագործելու համար «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող հիշյալ անձինք 2016-2017թթ-ի ընթացքում իրենց մտերիմ Կ. Հ.-ի միջոցով հավաքագրել և նրա մոտ պահել են որոշակի գումարներ, որոնց մի մասը՝ 2.750.000 ՀՀ դրամը, տվել են ՔԿՀ-ի պետին:

Կաշառքի դիմաց Արկադի Պապյանին և մյուս դատապարտյալին, ինչպես նաև նրանց «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալների տրվել են տարբեր արտոնություններ. քրեակատարողական հիմնարկ են մտցվել արգելված իրեր, դատապարտյալները զբաղվել են թղթախաղերով,  անարգել դուրս են եկել իրենց խցերից և տեղաշարժվել փակ ռեժիմային գոտում, օգտագործել ալկոհոլ ու թմրամիջոցներ, շահագործել բջջային հեռախոսներ, իսկ քրեակատարողական հիմնարկի խցերի պլանային և ոչ պլանային խուզարկություններն առանձին դեպքերում կրել են ձևական բնույթ:

Բացի այդ, Ա. Պապյանը 2017թ.-ի ընթացքում տարբեր չափերի կաշառք է տվել նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին և ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետին` իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու համար: Մասնավորապես, Ա. Պապյանը հիշյալ պաշտոնատար անձանց կաշառելու դիմաց ՔԿՀ-ի ռեժիմային գոտի է մտցրել արգելված իրեր, այդ թվում` բջջային հեռախոսներ և ինտերնետ հասանելիության սարք:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արկադի Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա. Պապյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: