կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-05 16:16
Իրավական

Մեղրիի մաքսակետում կանխվել են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման մի շարք փորձեր

Մեղրիի մաքսակետում կանխվել են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման մի շարք փորձեր

Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը Մեղրիի մաքսակետում 2014-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում մաքսային կանոնների խախտման 12 դեպք է հայտնաբերել, որոնց մեջ գերակշռել են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձերը:

 

Հունվարին բեռնատարի կցորդում հատուկ հարմարեցված թաքստոցից շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոցի բացահայտումից հետո վարչության աշխատակիցները շարունակել են հետևողական վերահսկողությունը` կանխելով մի շարք այլ փորձեր: Այս մասին տեղեկացնում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

 

Ընդհանուր առմամբ, Մեղրիի մաքսակետով 11 դեպքով հայտնաբերվել է ավելի քան 3կգ թմրամիջոց: Հիմնականում Իրանի քաղաքացիներ, դիմելով տարբեր հնարքների, գրպանում, դրամապանակում, ուղեբեռում, ճամպրուկում թաքցրած փորձել են տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ ներկրել:

 

Վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով օրերս էլ Իրանի մի քաղաքացու պայուսակից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 3 կտոր մուգ շագանակագույն ափիոնանման զանգված` 127 գրամ ընդհանուր քաշով:

 

Մեկ այլ դեպքով էլ Իրանի մի քաղաքացու պատկանող ավտոմեքենայի զննմամբ վարչության աշխատակիցները հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են ընդհանուր 2.6կգ մուգ կանաչ գույնի, չոր կանեփանման զանգված և ավելի քան 500 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ: