Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին թեև չի կաշկանդում կառավարության նիստերի դռնբաց լինելը, սակայն նա կարծում է, որ լուրջ խնդիր կա` կառավարության գործունեության լուսաբանման հետ կապված:
«Կաշկանդվածություն, բնականաբար, չի կարող լինել: Եթե անկախ դիտարկենք այն հրապարակումները, որոնք կառավարության նիստերից ներկայացվում են լրագրողների միջոցով, ապա շատ քիչ դեպքեր կտեսնես, որ քննարկվող հարցը ներկայացվի, ավելի շատ ձևի կամ նախարարի ու վարչապետի պահվածքի ու արտահայտության մեկնաբանություն է, և դա վնասում է հանրությանը: Պատկերացրեք` եթե ինչ-որ կարևոր բան է քննարկվում, բայց բանավեճի կամ քննարկման ժամանակ մոռացվում է հարցի էությունը, ներկայացվում է, թե նախարարն ինչ ձևով ներկայացրեց, ստացվում է, որ այդ նախագծի էությունն աղավաղվում է, իսկ հանրությունը չի դառնում այդ փոփոխությունների կրողը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը:
Նրա կարծիքով` որևէ նախարար չի կարող փակ լինել նույնիսկ դռնփակ նիստերի ժամանակ, և որևէ նախարար չի կարող կառավարության գործունեությանը հակադրվող հրապարակային խոսք ասել: «Դրա լուծումը շատ պարզ է, եթե դու հակադրվում ես, պետք է թողնես կառավարությունը: Այսինքն՝ քո տեսակետ ներկայացնելուց հետո, եթե որոշում է ընդունվում, ու դու չես կատարում, հրապարակային էլ հակադրվում ես, դրա պարզ ու քաղաքակիրթ լուծումն այդ կառավարությունից հրաժարվելն է»,- ասաց Մինասյանը:
Նա շեշտեց՝ կառավարությունը կոլեկտիվ որոշումների կայացման վայր է, որտեղ կարող են լինել տարբեր տեսակետներ, բայց կայացված որոշումը ենթակա է կատարման:
Հարցին՝ անձամբ կաշկանդվա՞ծ է դռնբաց նիստերից, նախարարը պատասխանեց. «Ոչ, ես կաշկանդվածություն չունեմ, ես ունեմ պարզ ձևավորված մշակույթ»:
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ կառավարության նիստերի դռնբաց լինելը, լրագրողների ներկայությունը կաշկանդում է կառավարության անդամներին` լիարժեք քննարկումներ անցկացնել: