կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-27 21:47
Արցախ

ՀՅԴ նախաձեռնությամբ Եվրախորհրդարանի պատգամավորը ժամանել է Արցախ

ՀՅԴ նախաձեռնությամբ Եվրախորհրդարանի պատգամավորը ժամանել է Արցախ

Հունվարի 26-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահարել եվրոպացի գործընկերների այցերը նշելով, որ դրանք նպաստում են եվրոպական արժեհամակարգի զարգացմանը Արցախուm:

«Մեզ համար շատ թանկ են հարաբերությունները, որոնք մենք տարիների ընթացքում ձևավորել ենք եվրոպական կառույցների հետ»,-ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լարս Ադակտուսսոնը նշել է, որ Արցախում է փաստահավաք առաքելությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ այցի ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը օգտակար կլինի Արցախի մասին ճշգրիտ պատկերացում ձևավորելու և հետագա գործունեության ընթացքում կիրառելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, խորհրդարանական մակարդակով համագործակցության, Արցախում դատական համակարգի անկախության և օրենքի գերակայության թեմաներով:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ԱԳ փոխնախարար Արմինե Ալեքսանյանը,ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամների հետ:

Բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը անդրադարձել է արտաքին քաղաքականության բնագավառում առկա խոչընդոտներին և ընդգծել, որ նման ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս Արցախի ձայնը լսելի դարձնել:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Ադակտուսսոնն անդրադարձել է Իրաքյան քրդերի և Իրաքում ու Սիրիայում քրիստոնյաների իրավունքներին, ինչպես նաև Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությանը:

Հանդիպման ընթացքում արցախցի խորհրդարանականները հյուրերի հետ մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումների, անվտանգության, արցախյան ազատագրական պայքարի 30-ամյա հոբելյանի, Արցախում տեղական ինքնակառավարման և ներքաղաքական այլ հարցերի շուրջ: