Փոխարժեքներ
09 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.85 |
EUR | ⚊ | € 408.8 |
RUB | ⚊ | ₽ 3.8762 |
GBP | ⚊ | £ 487.25 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Եվրոպական խորհրդարանի բելգիացի պատգամավոր Գերոլֆ Անեմանսը խիստ մտահոգիչ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ և սպառնալից հայտարարությունները Հայաստանի նկատմամբ։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Եվրախորհրդարանի պատգամավորն ընդգծել է, որ Ալիևի հայտարարությունները հստակ ցույց են տալիս Ադրբեջանի կառավարության վտանգավոր մտածելակերպը։ Նրա խոսքով՝ այս հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ երկարատև խաղաղությամբ:
Նա հույս է հայտնել, որ կարող է լինել արդար խաղաղության պայմանագիր՝ Հայաստանի ինքնիշխանության և Արցախի հայերի մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի հիմունքներով։ «Մենք նաև հավատում ենք, որ Հայաստանը անում է ամեն ինչ խաղաղությանն աջակցելու համար: Այժմ հարցը միջազգային հանրության և Մինսկի խմբի ուսերին է՝ ստիպել Ադրբեջանին իրական ջանքեր գործադրել բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Անեմանսը։
Անդրադառնալով Ալիևի առաջ քաշած այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվին՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նշել է, որ դա իրականում ոչ այլ ինչ է, քան պատմական փաստերի խեղաթյուրում՝ ուղղված այն տարածքների վրա իրավունքներ առաջ քաշելուն, որոնք, համաձայն միջազգային իրավունքի, գտնվում են Հայաստանի ինքնիշխանության ներքո: «Նախագահ Ալիևն ու նրա ռեժիմը բազմիցս ներկայացրել են այսպիսի տարածքային պահանջներ։ Այս նարատիվն օգտագործելով՝ նրանք արդարացնում են Արցախը բռնակցելն ու Հայաստանի նկատմամբ հետագա ռազմական ագրեսիան։ Նրանք ձգտում են զանգվածային վերաբնակեցմամբ փոխարինել էթնիկ հայերին ինչպես Արցախում, այնպես էլ այն տարածքներում, որոնք նրանք անվանում են «Արևմտյան Ադրբեջան»», - ասել է եվրախորհրդարանականը։
Անեմանսը հիշեցրել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի աշխարհառազմավարական նպատակն է իրենց միջև ուղղակի տարածքային կապ ապահովելը, իսկ Հայաստանը բառացիորեն կանգնած է նրանց ճանապարհին իր աշխարհագրական դիրքի պատճառով: «Ալիևի վերջին հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ շատ խոսուն էին այս առումով: Նա բացահայտ հայտարարում է, որ ցանկանում է կապ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս միջանցքով, որն անցնում է Հայաստանի տարածքով՝ խախտելով Հայաստանի ինքնիշխանությունն ու միջազգային իրավունքը», - ասել է Անեմանսը։
Եվրապատգամավորը համոզված է՝ Ալիևի ռեժիմի հռետորաբանությունը, գաղափարախոսությունը և ռազմավարական ծրագրերը հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է հնարավորինս ապահովի իր անվտանգությունը։
Խոսելով Հայաստանի կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ եվրապատգամավորը նշեց, որ այն մեծ ներուժ ունի և կարող է զգալիորեն նպաստել Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը: Ըստ պատգամավորի՝ նախագիծը կունենա դրական ազդեցություն Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական զարգացման և առևտրի վրա:
«Տնտեսական ասպեկտից ոչ պակաս կարևոր է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դրական ազդեցությունը տարածաշրջանի տարբեր ժողովուրդների միջև դիվանագիտական, մշակութային և քաղաքական կապերի վրա: Երկրների միջև աճող առևտուրն ու փոխադրումները կարող են նպաստել փոխըմբռնման և խաղաղության հասնելու նպաստավոր պայմանների ստեղծմանը:
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքները տարածաշրջանում հավասար հարաբերությունների իդեալական չափանիշներ են առաջարկում», - եզրափակել է Գերոլֆ Անեմանսը՝ հավելելով, որ իհարկե, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ կապված կան շատ լուրջ մարտահրավերներ, դրանցից ամենամեծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի պատրաստակամության բացակայությունն է՝ ներգրավվել կայուն և երկարատև խաղաղության մեջ և աշխատել այս նպատակի համար մյուս գործընկերների, ինչպես օրինակ՝ Հայաստանի հետ: