Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հասարակական և քաղաքական շրջանակների` առանձին ապրանքատեսակների գնաճի հետ կապված մտահոգությունները չեն կարող անտարբեր թողնել Ազգային ժողովին։ Այս մասին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանում մեկնարկած` «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
«Համոզված եմ, որ այս լսումներն արդյունավետ կլինեն: Միաժամանակ ակնկալում եմ, որ բանախոսները տարբեր ապրանքների գնաճի հետ կապված փաստերը, խնդրի կարգավորման հետ կապված առաջարկները կներկայացնեն հիմնավորված, ինչն օգտակար կլինի և՛ խնդրի արդյունավետ լուծումները գտնելու, և՛ հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու առումով»,- ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը:
ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ համոզմունք հայտնեց, որ լսումներն առանձնահատուկ են ոչ միայն այն պատճառով, որ վերաբերում են առանձին ապրանքատեսակների` հիմնականում սոցիալական կարևորության, առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացմանը, դրանց ձևավորման պատճառներին և հնարավոր սոցիալական հետևանքների մեղմմանը, այլ նաև շատ էական են, որովհետև քննարկման առարկան շուկայական տնտեսության բազիսային թեման է, ապրանքների և ծառայության բազիսային թեման:
«Օգտվելով առիթից, որ մեր լսումներին մասնակցում են տնտեսական մտքի գիտական կենտրոնների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ` համոզված եմ, որ մեզ կհաջողվի խնդրո առարկայի վերաբերյալ ձևավորել մասնագիտական շատ լուրջ վերլուծական հարթակ, որը հնարավորություն կտա պատգամավորներին հետագայում այդ առաջարկությունների, մասնագիտական վերլուծությունների հիման վրա ձևավորելու սեփական քաղաքական դիրքորոշումը»,- նշեց Հարությունյանը:
Պատգամավորի կարծիքով՝ լսումների ձևաչափը օգտակար կլինի թե' մասնագիտական շրջանակների, թե' հասարակական կազմակերպությունների, թե' քաղաքական որոշումների կայացման համար: