կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-10 12:28
Հասարակություն

Սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է շուրջ 600 հիվանդ

Սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է շուրջ 600 հիվանդ

Հանրապետությունում սուր շնչառական վարակների ակտիվացումը պայմանավորված է տոնական օրերի ընթացքում բնակչության ակտիվ շփումներով: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: 

Օրական մշտադիտարկման արդյունքներով` հիվանդության աճ արձանագրվել է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում։ Դրանով է բացատրվում Երևանի մանկական հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը:

Ներկայումս հանրապետության բոլոր ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ, որոնց մեծամասնությունը 0-2 տարեկան երեխաներ են: Բժշկական կազմակերպություններում բուժվում են նաև թոքաբորբ և բրոնխիտ ախտորոշումներով հիվանդներ, այդ թվում՝ վիրուսային ծագման: Հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության` առողջացման դրական շարժով: Հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով հիվանդներ չկան:

Նախորդ տարիներին, մասնավորապես՝ 2015 և 2016 թվականների գրիպի սեզոնի ընթացքում սուր շնչառական վարակներով ստացիոնար կազմակերպություններում օրական արձանագրվել է գրեթե 1000–1500 դիմելիություն։

Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք ապահովում են սուր շնչառական վարակների և գրիպի լիարժեք բուժումը:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով 2017 թվականի նոյեմբերից Հայաստանում շրջանառում են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների (ռինովիրուսներ, բոկավիրուսներ, պարագիրպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ) հարուցիչներ: Դրանց նկատմամբ խոցելի են բոլոր տարիքային խմբերի անձինք, հատկապես՝ մանկահասակ երեխաները։

Հիվանդության կանխարգելման լավագույն միջոցը գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից խուսափելն է։ Հետևաբար, եթե հիվանդ եք՝ մնացեք տանը, հիվանդ երեխային մի ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ։ Դիմեք բժշկի և հետևեք նրա խորհուրդներին։