կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-09 17:29
Հասարակություն

Իշխանության խնդիրը պետք է լինի ավելի շատ տնտեսական աճ, քան գնաճ ապահովելը. Շարմազանով

Իշխանության խնդիրը պետք է լինի ավելի շատ տնտեսական աճ, քան գնաճ ապահովելը. Շարմազանով

Բոլորս պետք է քայլեր ձեռնարկենք, որ այն թանկացումները, որոնք սուբյեկտիվ բնույթ են կրում և արհեստական են, չլինեն. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով գնաճին:

«Եթե արհեստական չեն և օբյեկտիվ են թանկացումները, պետք է աշխատանքներ կատարել, որպեսզի տնտեսական աճն ավելանա, որ սոցիալապես խոցելի խավերը իրենց վրա շատ չզգան այդ թանկացումները»,- ասաց նա:

Հարցին` մինչև փոփոխությունները կյանքի կոչելն ի՞նչ անեն քաղաքացիները, որովհետև թանկացումներն օր օրի ավելանում են, ինչպե՞ս պայքարեն դրանց դեմ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Գնդակն ուղարկում եք քաղաքացիների դաշտ: Քաղաքացիներն ի՞նչ պետք է անեն, պետք է իշխանությունն անի»:

Շարմազանովի խոսքով` եթե անհարկի թանկացումներ կան, դրա համար կա հակամենաշնորհային հանձնաժողով, որը պետք է ստուգումներ իրականացնի, իսկ եթե այդ թանկացումները կապված են արտաքին գործոնի հետ, և այստեղ որևէ կարգավորում հնարավոր չէ, արդեն կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի հնարավոր թանկացումները քիչ ազդեն սոցիալապես խոցելի խավերի համար: «Մենք չենք ապրում պլանային տնտեսությունում, որտեղ Կրեմլը որոշում էր` գներն այսքան են ու այսքան պետք է մնան: Ես չեմ կարող մասնագիտական գնահատական տալ, բայց կարող եմ քաղաքական գնահատական տալ` թանկացումները հաճելի և դրական երևույթ չեն, և ցանկացած քաղաքական իշխանության խնդիր պետք է լինի ավելի շատ  տնտեսական աճ, քան գնաճ ապահովելը»,- ընդգծեց նա: