Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահի հայտարարությունը, որ ապագայում հակառակորդի դիվերսիոն և այլ գործողությունները կբացառվեն, բխում է ոչ թե հակառակորդի, այլ մեր հնարավորությունների նկատմամբ վստահությունից. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը:
«Նախագահն օրերս նոր զինատեսակների ցուցադրության էր այցելել, և նա ունի այդ համոզմունքը։ Երևի թե բոլորս էլ կհամոզվենք, որ մոտ ապագայում մեր սահմանն ունենալու է այնպիսի տեխնիկական հագեցվածություն, որը թույլ կտա խորքային դիտարկումներ անցկացնել, որպեսզի հնարավոր չլինի դիվերսիոն խմբերի աննկատ մոտեցում։ Սա կարևոր խնդիր կլուծի, որովհետև եթե 1-2 կմ հեռավորությունն ամբողջությամբ քո դիտակետում լինի, հակառակորդը չի կարող աննկատ մոտենալ, իսկ եթե փորձի, ապա կվնասազերծվի»,- նշեց պատգամավորը։
Հարցին` նախագահի այն հայտարարությունը, որ բանակցությունները կրակոց չեն սիրում, արդյո՞ք դա խոսում է այն մասին, որ առաջիկայում նախատեսվում են բանակցություններ, Հակոբյանը պատասխանեց, որ բանակցությունների մասին խոսելը դժվար է, մինչդեռ պարզ ճշմարտություն է, որ կողմերը կա'մ բանակցում են, կա'մ պատերազմում։
«Սա դարերից եկող ճշմարտություն է ու ապացուցվելու կարիք չունի։ Գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է, որովհետև վերջին մի քանի տարիներին Ադրբեջանի մարտավարությունը եղել է ապակայունացնել սահմանային իրավիճակը, տանել կոնֆլիկտի սրացման, որի հետևանքով ինքը կարողանա բանակցային սեղանի շուրջ ավելի հարմար դիրքեր գրավել։ Դա, փաստորեն, չի հաջողվել Ադրբեջանին, ու հիմա Ադրբեջանը պետք է որոշի` շարունակո՞ւմ է իր համար ոչինչ չտվող մարտավարությունը, թե՞ փորձում բանակցությունների սեղանի շուրջ նստել ու առարկայական բանակցել, ինչին հայկական կողմը միշտ է պատրաստ եղել»,- ընդգծեց պատգամավորը: