կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-14 16:39
Հասարակություն

Վստահ եմ՝ հացադուլ հայտարարած երիտասարդները կանսան իմ կոչին. Արամ Սիմոնյան

Վստահ եմ՝ հացադուլ հայտարարած երիտասարդները կանսան իմ կոչին. Արամ Սիմոնյան

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կոչ է անում հացադուլ հայտարարած ուսանողների խմբին զերծ մնալ գործընթացի հետագա անօրինական զարգացումներից: «Արմենպրես»-ը զրուցել է ռեկտորի հետ բուհի մի խումբ ուսանողների գործողությունների ու իրադարձությունների զարգացման մասին:

-Պարո’ն Սիմոնյան, մամուլի հրապարակումների համաձայն՝ 5 ուսանող հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դիմում են անժամկետ հացադուլի, ինչը կապված է տարկետման իրավունքի տրամադրման կարգի փոփոխության դեմ իրենց պահանջների հետ: Տեղեկացանք, որ հացադուլը հայտարարվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում: Կմեկնաբանե՞ք այս տեղեկությունը:

-Ցավում եմ, բայց ուսանողները իրենց պահանջների արտահայտման քաղաքակիրթ մեթոդները ստորադասեցին ավելի ծայրահեղ միջոցներին: Այսօր՝ առավոտյան, նրանք փակվել են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում և հայտարարում են, որ հացադուլ կանեն այնքան ժամանակ, մինչև չկատարվեն տարկետման իրավունքի փոփոխությանն առնչվող իրենց պահանջները: Դրա հետևանքով խաթարվել է ֆակուլտետի ամբողջ դասապրոցեսը և աշխատանքային բնականոն ընթացքը, ինչն անընդունելի է:

-ԵՊՀ ղեկավարությունը խոսե՞լ է հացադուլ հայտարարած երիտասարդների հետ, և այս իրավիճակում ինչպիսի՞ լուծում եք տեսնում:

-Անկեղծ ասած, ես սրա մեջ շանտաժի պարզ տարրեր եմ տեսնում՝ ուղղված հասարակությանը և կոնկրետ ԵՊՀ-ին: Համոզվելով, որ դասադուլի կոչերը բողոքի ակցիայի ակնկալվող համակիրների բանակ չեն ապահովում, երիտասարդներն ընտրեցին այդ մեթոդը: Հացադուլ հայտարարելն իրենց իրավունքն է, սակայն դա անել՝ փակվելով կրթական հաստատության լսարանում, և հազարավոր ուսանողների կրթության սահմանադրական իրավունքի խախտման հաշվին իրականացնել բողոքի ակցիա, կարծում եմ՝ անընդունելի է: ԵՊՀ-ն հանրային նշանակության հիմնարկ է, բարձր է գնահատում խոսքի ազատության և բազմակարծության արժեքը, սակայն այդօրինակ վարքագիծը մերժելի է: Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչով դիմել ուսանողներին՝ զերծ մնալու այս գործընթացի հետագա անօրինական զարգացումներից, հորդորել շուտափույթ ազատելու Ֆիզիկայի ֆակուլտետի լսարանը և հնարավորություն տալ վերականգնելու դասապրոցեսի բնականոն ընթացքը: Պահանջների արտահայտման ձևերը ուսանողները պետք է ընտրեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների շրջանակում:

-Ի՞նչ եք կարծում՝ այս պահին երիտասարդները կընդունե՞ն Ձեր կոչը:

-Հաշվի առնելով, որ գործ ունենք նորմալ, ինտելեկտուալ մարդկանց հետ, վստահ եմ, որ կանսան իմ կոչին: Բացի դրանից՝ հաշվի կառնեն, որ ԵՊՀ-ում աշխատաժամանակի ավարտից հետո շենքերն ու շինություններն անցնում են անվտանգության ծառայության պահպանության ներքո, և մեր համալսարանի ներքին կարգապահական կանոնների համաձայն՝ այդ պահից սկսած ԵՊՀ շենքեր և շինություններ մուտք գործելն արգելվում է: