Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից այսօր լրագրողները հետաքրքրվեցին` որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, թե հանրապետականները «քֆուր են կերել», որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը չպետք է ընդունվի: Նա նշեց, որ դա պրիմիտիվ ձևակերպում է, որ հարիր չէ ո'չ ՀՀԿ-ին, ո'չ էլ մամուլին: «Ի՞նչ է նշանակում` «քֆուր է կերել», նման բան չկա: Կան վիճահարույց կետեր, որոնք այս տեսքով խնդրահարույց են, այդ պատճառով էլ քննարկումները շարունակվում են, որպեսզի օրենքը բերվի ցանկալի տեսքի»,- ասաց Շարմազանովը:
Բացի այդ, ըստ նրա, այնպես չէ, որ միայն հանրապետականներն են դեմ այս տեսքով օրենքի նախագծին: ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ կան որոշակի կետեր, որոնց հետ կապված հստակություն չկա: «Ի՞նչ է նշանակում` հոգեբանական բռնություն: Հստակություն չկա նաև, թե ինչ է տնտեսական բռնությունը: Ապաստարանների, ծնողի հեղինակության հետ կապված խնդիրներ կան»,- ասաց նա, ապա ընդգծեց, որ իրենք ազգային պահպանողական կուսակցություն են:
Շարմազանովի խոսքով` մեր պետության հիմնասյունը ավանդական ընտանիքն է: «Այնպես չէ, որ իմ ասածը վերջին ճշմարտությունն է, պարզապես մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, ու մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ պետության հիմնասյունն ավանդական ընտանիքն է: Բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են հայկական ավանդական ընտանիքի համար, մենք պետք է առաջարկենք վերանայել»,- ասաց նա, ապա հավելեց. «Ավանդական հայկական ընտանիքը դա ծեծուջարդը չէ. Ո՞ր նորմալ մարդն է ծեծուջարդի կողմնակից, որ նորմալ մարդն է բռնությանը կողմնակից: Բոլորս բռնությանը դեմ ենք»:
Շարմազանովի կարծիքով`պետք է բացատրվի այս օրենքի սոցիալական անհրաժեշտությունը: «Սրանով ֆիքսում ենք, որ հայ ընտանիքում բռնություն կա: Բռնության ընտանեկանն ու չընտանականը ո՞րն է, բռնությունը բռնություն է: Այնպես չէ, որ մենք սարից իջած վայրենիներ ենք ու ասում ենք, որ ամուսինը պետք է կնոջը ռեժիմով ծեծի, ծնողներն էլ` երեխաներին, իհարկե չէ»,- ասաց նա:
Հարցին` համաձա՞յն է եկեղեցու այն ձևակերպմանը, թե ամուսինը պետք է տեր լինի, իսկ կինը` հնազանդ, Շարմազանովը պատասխանեց. «Դա եկեղեցու ձևակերպումը չէ, դա աստվածաշնչյան ձևակերպում է, բայց տեր` չի նշանակում ծեծել, տեր` նշանակում է պատասխանատու լինել, ամեն մեկը տեր չի կարող լինի: Հնազանդ լինեելու մեջ էլ ամոթ բան չկա, կինը պետք է հնազանդ լինի թե' Աստծո, թե' իր տղամարդու առաջ»: