կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-27 11:33
Քաղաքական

Իմ թիմում չեմ ճանաչում բարձր պաշտոնյաների, ովքեր խուսափել են բանակից. Շարմազանով

Իմ թիմում չեմ ճանաչում բարձր պաշտոնյաների, ովքեր խուսափել են բանակից. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տարկետման իրավունքից օգտվել է ուսանող ժամանակ:  «Այնպես չի, որ պաշտպանել եմ ու մոռացել եմ դասախոսական աշխատանքը, բայց իմ պաշտպանությունը ստացիոնար ասպիրանտուրայի հաշվին չի եղել։ Այսինքն՝ ես պետությունից տարկետման չեմ արժանացել և չեմ ստացել բանակ չգնալու արտոնություն։ Ես ունեցել եմ այլ պատճառ, որը համապատասխան կառույցներն են որոշել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Շարմազանովն ընդգծեց, որ անհրաժեշտ է տարբերակել դասալիքներին և բանակ չգնացողներին՝ նշելով, որ ինքն օրենքով սահմանված կարգով չի զորակոչվել բանակ։ «Զինապարտության տարիքում ՀՀ-ից չեմ բացակայել։ Ինչքան ինձ կանչել են, ես պարտաճանաչ ներկայացել եմ։ Այսօր էլ ունեմ զինգրքույկ՝ պահեստազորի շարքային եմ»,- նշեց նա։

Ըստ Շարմազանովի` ընդդիմության շարքերում էլ կան մարդիկ, ովքեր օրենքով սահմանված կարգով չեն ծառայել, և կարիք չկա ստվերը միայն իշխանության մեջ գցել։

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ չծառայածների մեջ մասը իշխանության ներկայացուցիչներն են, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ընդդիմության սիրելի գործընկերները խոսում են իշխանափոխության մասին, եթե իրենց տրամաբանությամբ նայենք, ապա այսօրվա իրենց ֆրակցիայի ղեկավարը օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև ես և մյուս իշխանավորները, չեն ծառայել։ Բա վաղը ուզում են գալ իշխանության, իրենք էին քննադատում, չէ՞։ Մենք երևույթները պիտի քննադատենք։ Ես իմ թիմում չեմ ճանաչում առնվազն բարձր իշխանության պաշտոնյաների, ովքեր խուսափել են բանակից»։