կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-11 13:31
Հասարակություն

Կարտոֆիլ պետք է աճեցնի գյուղատնտեսությամբ զբաղվողը, այլ ոչ թե պարտադիր ծառայության կանչված որևէ մեկը. նախարար

Կարտոֆիլ պետք է աճեցնի գյուղատնտեսությամբ զբաղվողը, այլ ոչ թե պարտադիր ծառայության կանչված որևէ մեկը. նախարար

ԱԺ-ում շարունակվում են «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ խորհրդարանական լսումները:

Կոտայքի փոխմարզպետ, ԵԿՄ անդամ Համլետ Հայրապետյանը Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց` արդյո՞ք բերելու է օրենքի նախագիծ, որ բանակում հիմնադրամ կամ տնտեսական միավոր ստեղծվի, որպեսզի այլընտրանքային ծառայություն անցնողները կամ տարկետում ստացածներն իրենց ծառայությունն անցկացնեն այդ հիմնադրամում կամ զորանոցում: «Ինչի մասին է խոսքը: Ինչպես փորձ ունենք հանրապետությունում հիմնադրամ ստեղծելու, այդ նույն անձնավորություններին ուղարկենք ոչ թե հանրապետության քաղաքներում փողոցներն ավլելու`այլընտրանքային ծառայության, այլ թող զբաղվեն գյուղատնտեսությամբ, բանակին կից հիմնադրամում զբաղվեն գյուղատնտեսության զարգացմամբ` 8-10 անգամ կրճատելով գնումների ծախսերը: Սա մեծագույն ցանկություն է, գիտեմ, բայց կուզենայի Ձեր մոտեցումը ևս իմանալ»,- ասաց Հայրապետյանը:

Վիգեն Սարգսյանը ներկայացրեց իր մոտեցումը: «Իմ մոտեցումն այն է, որ կարտոֆիլը պետք է աճեցնի գյուղատնտեսությամբ զբաղվողը, այլ ոչ թե դրա համար պարտադիր ծառայության կանչված որևէ մեկը: Ես կարծում եմ, որ  այլընտրանքային ծառայության որևէ հիմնադրամ չպետք է մեզ հետաքրքրի, որովհետև տարիներ շարունակ մենք տեսնում ենք, որ այլընտրանքային ծառայություն ընտրողների թիվը հաստատուն է և ոչ մեծ: Ես կարծում եմ, որ դա նաև մեր ժողովրդի պատասխանն է բոլոր նրանց, որ ասում են` զոռով քաշեցին, տարան և այլն, և այլն»,- նշեց նախարարը: