Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ինչ-որ մեկն այսօր կարող է ապացուցել, որ մենք դատարկ ձեռքերով կարող ենք պատերազմել, ուրեմն ես երևի ուրիշ մոլորակի վրա եմ ապրում. խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ես ասել եմ այն, ինչ մեր աչքի առաջ տեղի է ունեցել»,- ասաց նա, ապա հավելեց, որ ՀՅԴ-ն քառօրյա պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է պատերազմի թեժ կետերում և տեսել է՝ ինչ է կատարվել:
Հիշեցնենք, որ օրերս Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ մենք քառօրյա պատերազմը դատարկ ձեռքերով չենք հաղթել, և նշել էր, որ մենք ունենք անվտանգության երկու հիմնական բաղադրիչ՝ հարաբերություններ Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ը, ինչն էլ որոշ ԶԼՄ-ներ այլ կերպ էինք մեկնաբանել:
«Դա մեր աչքի առաջ է տեղի ունեցել: Մենք գիտենք մեր ռեսուրսները որտեղ են: Պետք չէ ամեն ինչ այդպես դիտարկել: Եթե վաղը պատերազմ սկսվեց, մենք ի՞նչ զինամթերքով ու զենքով ենք այդ ամեն ինչը ապահովելու: Այս բաների մասին մարդիկ պատկերացում ունե՞ն, թե՞ ոչ»,- հարցրեց նա:
Ըստ պատգամավորի՝ ասում է այն, ինչ այսօր գոյություն ունի: Նրա կարծիքով՝ այսօր չկա այլընտրանք մեր ռազմական անվտանգության առումով, քան ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի հետ կապված ռազմավարական անվտանգությունը: «Սա ակնհայտ է: Պարզ բաներ կան, որ երևում են, բայց մարդիկ չեն ուզում տեսնել: Թող ինձ ուրիշ այլընտրանք ասեն, որ եղել է, ու մենք չենք օգտվել, ասեմ` այո, իսկապես մենք կույր ենք եղել ու այդ ամենը չենք տեսել»,- նշեց պատգամավորը:
Ռուստամյանը նաև ընդգծեց, որ, այս ամենով հանդերձ, մենք չպետք է սահմանափակվենք այդ համագործակցությամբ, այլ պետք է կարողանանք այլընտրանքներն ավելացնել: «Մենք պետք է, բացի Ռուսաստանից, ունենանք այլ գործընկերներ, որոնց հետ կապված կարող ենք մեր ռազմական անվտանգության և այլ բնույթի խնդիրներն ավելի լիարժեք լուծել»,- ասաց նա:
Պատգամավորը շեշտեց, որ մենք ոչ թե Ռուսաստանին պետք է խնդրենք` մեծ եղբա'յր, մեզ օգնի, այլ պետք է պահանջենք, որ Ռուսաստանն ինքը հարգի իր՝ մեզ հետ ձեռք բերված համաձայնությունները:
Ըստ նրա՝ լինելով միջնորդ կողմ, եթե Ռուսաստանը մեր հակառակորդին X քանակի զենք է տալիս, մեզ պետք է տա X+Y քանակի, որովհետև Ադրբեջանը ուրիշ տեղերից էլ է զենք բերում, և մենք պետք է կարողանանք այդ բալանսն ապահովել: